Ըստ Պենտագոնի՝ ԱՄՆ Կոնգրեսին ներկայացված վերջին եռամսյակային հաշվետվության՝ «Թալիբան» արմատական շարժումն ընթացիկ տարվա ապրիլից մինչեւ հունիսի վերջը շարունակել է հարաբերություններ պահպանել «Ալ Քաիդա»-ի հետ՝ ահաբեկչական խմբավորմանը ապաստան տրամադրելով Աֆղանստանում:
«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը հայտարարել էր, որ թալիբները «Ալ Քաիդա»-ին եւ ահաբեկչական մյուս խմբավորումներին թույլ չեն տա գործունեություն ծավալել Աֆղանստանի տարածքում:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն օրերս հայտարարել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման վերածնման սպառնալիք կա: Sky News հեռուստաալիքի ուղիղ եթերում նա ընդգծել է, թե իր անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ չկայացած պետությունները բարենպաստ հող են նման մարդկանց համար։ Բրիտանիայի ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, թե Աֆղանստանը ներքաշվում է քաղաքացիական պատերազմի մեջ։
CNN հեռուստաընկերությունը նշել է, թե ամերիկացի զինվորականները մտավախություն ունեն, որ Աֆղանստանում կվերականգնվեն «Ալ-Քաիդայի» դիրքերը: Պենտագոնում անհանգստացած են, որ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ստեղծված վակուումը կհանգեցնի «Ալ-Քաիդայի» եւ այլ ահաբեկչական խմբավորումների վերակազմակերպմանը։