Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամմադ Զոհիր Ագբարը Դուշանբեում ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին երկրից փախչելիս գանձապետարանից 169 միլիոն դոլար է գողացել: Դեսպանը Ղանիի փախուստը որակել է «դավաճանություն պետության եւ ժողովրդի նկատմամբ»:
Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ դեսպանը հայտարարել է, որ երկրի փոխնախագահ Ամրուլա Սալեհին է ճանաչում որպես երկրի ղեկավար: Դեսպան Ագբարը հիշեցրել է, որ երկրի սահմանադրությամբ՝ նախագահի բացակայության, փախուստի կամ մահվան դեպքում առաջին տեղակալը պետք է կատարի նրա պարտականությունները։ «Հենց այդ հիմքով Ամուրլա Սալեհը մեր երկրի ղեկավարն է»,- ընդգծել է նա:
Փոխնախագահ Սալեհը մնացել է երկրում եւ, Սահմանադրության համաձայն, ստանձնել երկրի ղեկավարի պարտականությունները: Հաղորդվում է, որ Սալեհի ուժերը թալիբներից հետ են նվաճել Քաբուլից հյուսիս գտնվող Չարիքար շրջանը:
Մուհամմադ Զոհիր Ագբարը հայտարարել է, որ դիմելու է Ինտերպոլին՝ Ղանիին ձերբակալելու պահանջով, որպեսզի նրան կանգնեցնեն միջազգային դատարանի առաջ:
Ինչ վերաբերում է Աֆղանստանի նախկին նախագահի գտնվելու վայրին, Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ-ն հաստատել է, որ իրենց երկիրը մարդասիրական հիմունքներով ապաստան է տրամադրել Աշրաֆ Ղանիին եւ նրա ընտանիքի անդամներին: