Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում, այդ թվում՝ կառավարության օգոստոսի 18-ի նիստում խոսում է խաղաղության անհրաժեշտության մասին: Փաշինյանը Հայաստանի միակ առաջնորդը չէ, որ միայն պարտությունից հետո է գիտակցում խաղաղության կարեւորությունը:
Խաղաղության մասին պետք էր խոսել հաղթած ժամանակ՝ 1994 թվականի մայիսի 12-ի անժամկետ հրադադարից մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ը: Մենք ունեինք ավելի քան 26 տարի ժամանակ: Այդ 26 տարիներին մենք անդադար խոսում էինք խաղաղության մասին, սակայն չէինք վճարում խաղաղության գինը: Այդ գինը վճարում էին մեր 18 տարեկան զինվորներն ու պայմանագրայինները: Այդ գինը վճարում էին հազարավոր դժբախտ ընտանիքներ:
Մենք վատնեցինք խաղաղության ներուժը եւ ստացանք 44-օրյա աղետ: Այսօր ենք սկսել խոսել խաղաղության անհրաժեշտության մասին, երբ այլեւս վճարելիք շատ բան չունենք, եթե կուզեք՝ ոչինչ չունենք: Մենք ռազմի դաշտում եւ ապա նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանին զիջել ենք 8000 քառակուսի կիլոմետր տարածք, մեր բանակը արյունաքամ ենք արել՝ տալով 5 հազար զոհ ու վիրավոր 44-օրյա պատերազմում, իսկ Արցախյան առաջին պատերազմում եւ 1994-ի զինադադարից ի վեր՝ մինչեւ 15 հազար զոհ:
Մենք բանակցային սեղանի շուրջն այլեւս փոխզիջումային, եթե կուզեք՝ առեւտրի համար ոչինչ չունենք առաջարկելու, այդ պատճառով է, որ Իլհամ Ալիեւը խոսում է վերջնագրի լեզվով՝ նեխուժումներ կատարելով Հայաստանի տարածք եւ սպառնալով միջանցք բացել Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ:
Գոնե հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ էր նշանակում խոսել խաղաղության մասին՝ ունենալով ավելի քան 11,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Արցախ, որի անվտանգությունն իրականացնում էր Հայաստանը, եւ ինչ է նշանակում խոսել խաղաղության մասին այսօր, երբ կորցրել ենք 8000-ը, իսկ մնացած՝ փրկված մասի անվտանգությունը պատվիրակել Ռուսաստանի խաղաղապահներին:
Խաղաղությունը մսխելու եւ Հայաստանին պարտության տանելու հարցում Փաշինյանը միակ մեղավորն ու պատասխանատուն չէ: Փաշինյանին անկյուն մղելու եւ ոչմիթիզական դարձնելու մեջ մեղքի ու պատասխանատվության բաժին ունեն Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, որոնց կառավարության 20 տարիներին անողոքաբար մսխվում էր խաղաղությունը, որ բերվել էր Արցախյան առաջին պատերազմում զոհ գնացած շուրջ 6000 հայորդիների կյանքի գնով:
Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե ինքը պատրաստ էր դավաճանի պիտակը կրել, բայց արժանապատիվ լուծում բերել ղարաբաղյան հարցում: Եթե իրավամբ Սարգսյանը պատրաստ էր դավաճանի պիտակը կրել, եթե իրավամբ գիտեր, թե ինչ աղետի է տանում Հայաստանին ու Արցախին ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելը, ապա ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանին 2018-ից մեղադրում հող զիջելու, Արցախը ծախելու մեջ:
Սերժ Սարգսյանը Հայաստանի ամենատեղեկացված պաշտոնյան էր, ամենաերկարն էր պետական բարձրագույն կառավարության մեջ՝ 1993-ից սկսած անդադար մինչեւ 2018 թվականը: Նա եւ նրա համախոհները հետեւողականորեն Փաշինյանին մղեցին դեպի ոչմիթիզականություն: Սա իշխանության համար պայքար էր, որին Փաշինյանը չպետք է տրվեր:
Իսկ գուցե կարելի՞ էր հանուն Հայաստանի ու Արցախի չխանգարել եւ գուցե օգնել Փաշինյանին: Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանին օգնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը 2016-2017 թվականներին:
Եթե այսօր Փաշինյանը համարձակվում է խոսել խաղաղությունից, եւ մենք բոլորս պատկերացնում ենք, թե դա ինչ դաժան խաղաղություն է լինելու, ապա նա կարող էր խաղաղության մասին խոսել 2018-ին, երբ իր եւ Հայաստանի դիրքերը ամուր էին:
Կասկած չկա, որ այսօր Հայաստանի գործող իշխանությունները ձգտում են խաղաղության հասնելու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որովհետեւ ներսից գիտեն, թե ինչ հնարավորություններ ունի 44-օրյա պատերազմում պարտված Հայաստանը, եւ էլ ինչ աղետներ ու դժբախտություններ կարող են կրել Հայաստանն ու նրա ժողովուրդը: Կասկած չկա նաեւ, որ ե՛ւ Սերժ Սարգսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն հողատու, դավաճան ու կապիտուլյանտ են անվանելու Փաշինյանին, եթե վերջինս ստիպված լինի գնալ ամենավատ խաղաղության:
Չպետք է բացառել, որ Հայաստանի համար խաղաղությունը այդպես էլ չգա եւ ինչպես 1991-ից, հանրապետությունը շարունակի գոյատեւել շրջափակման, մեկուսացման ու թուրք-ադրբեջանական սպառնալիքների ներքո:
Հայաստանի Երրորդ եւ Առաջին հանրապետությունների պատմությունը լի է օրինակներով, երբ մենք հնարավորություն ունեցել ենք բավարարվելու չափավոր տարածքով, սակայն ձգտել ենք առավելագույնին եւ ստացել աղետ: Այս մասին ամենալավը պետք է տեղյակ լինեն ՀՅԴ-ական գործիչները, որոնք նույնպես Փաշինյանին համարում են հողատու, դավաճան, կապիտուլյանտ ու թուրք:
Ավելի քան 100 տարի առաջ մենք պահանջեցինք Արեւմտյան Հայաստանը եւ ստացանք Հայոց ցեղասպանություն ու Մեծ հայրենազրկում:
ՀՅԴ-ն ուներ Հովհաննես Քաջազնունու եւ Ալեքսանդր Խատիսյանի նման պետական մտածողներ, որոնք համարձակություն ունեցան ընդամենը երեք տարի առաջ՝ 1918-ի հունիսին, հայ ժողովրդին կոտորած ոճրագործներ Էնվերի, Թալեաթի ու Ջեմալի հետ ստորագրել Բարեկամության եւ խաղաղության դաշնագիր եւ համաձայնել 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանի իրողության հետ:
Հանգամանանքների բերումով, առաջին հերթին Օսմանյան կայսրության պարտության հետ կապված, Հայաստանը կարճ ժամանակում ընդարձակվեց մինչեւ 60 հազար քառակուսի կիլոմետր: Սակայն մենք ճիշտ չգնահատեցինք իրավիճակը, եւ երբ համեմատաբար ուժեղ էինք ու շահեկան դիրքում, խաղաղության փնտրտուքի փոխարեն 160 հազար քառակուսի կիլոմետրանոց Սեւրով կուրացանք եւ վերջնարդյունքում՝ 1920 թվականի օգոստոսից-նոյեմբեր ամիսներին, կորցրինք Արեւելահայատանի կեսը՝ 30 հազար քառակուսի կիլոմետր:
Այդ ժամանակ հայ քաղաքական գործիչները իշխող ՀՅԴ-ին, վարչապետ Համո Օհանջանյանին ու ռազմական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանին չպիտակեցին դավաճան, հողատու, կապիտուլյանտ ու թուրք: Հետո՝ Հայաստանի խորհրդայնացումից շաբաթներ ու ամիսներ անց, եղան նման պիտակումներ, ավելին՝ եղան կացնահարումներ ու հետապնդումներ:
160 հազար քառակուսի կիլոմետր Հայաստան երազող ՀՅԴ-ական գործիչները չկորցրին սթափությունը եւ զավթված Ալեքսանդրապոլում՝ այն ժամանակ հանրապետության ամենամեծ քաղաքում, թուրքերի, այս անգամ ոճրագործ քեմալականների հետ 1920-ի դեկտեմբերին ստորագրեցին Ալեքսանդրապոլի դաշնագիրը:
Հայաստանի համար վատից վատը միշտ եղել է: Ու կարող է լինել:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։