ՉԺՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Չինաստանը խոստանում է նպաստել Աֆղանստանի խաղաղ վերակառուցմանը եւ տնտեսական ու սոցիալական օգնություն տրամադրել Աֆղանստանի ժողովրդին:
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիչժանը շեշտել է, որ Չինաստանն՝ իբրեւ Աֆղանստանի անկեղծ բարեկամ եւ հարեւան, միշտ ձգտել է պահպանելու բարիդրացիական հարաբերությունները Աֆղանստանի ժողովրդի հետ:
«Այդ քաղաքականությունը նույնն էր անցյալում, իրականացվում է ներկայում եւ չի փոխվի ապագայում: Չինաստանը միշտ կսատարի Աֆղանստանի խաղաղ վերակառուցմանը եւ ուժերի ներածին չափով կնպաստի Աֆղանստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ընդգծել է երկրի ԱԳՆ խոսնակը:
Աֆղանստանի քաղաքացիական պատերազմի տարիներին Պեկինը մշտական շփումների մեջ է եղել «Թալիբան» շարժման հետ, այդուհանդերձ հրաժարվել է թալիբներին պաշտոնապես իբրեւ Աֆղանստանի ղեկավարների ընդունելուց:
Չինաստանի Տյանցզյան քաղաքում հուլիսի վերջին «Թալիբան» շարժման պատվիրակությունը Քաթարի քաղբյուրոյի ղեկավար Մոլլա Աբդուլ Ղանի Բկիրադերի գլխավորությամբ հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ:
Հանդիպմանը Չինաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Պեկինը միշտ հարգել է Աֆղանստանի ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ որդեգրել այդ երկրի ներքին գործերին չխառնվելու քաղաքականությունը: Գերատեսչության ղեկավարը շեշտել է Վաշինգտոնի աֆղանական քաղաքականության ձախողման փաստը եւ ընդգծել «Աֆղանստանը պետք է ղեկավարեն աֆղանստանցիները» սկզբունքով երկրում անհապաղ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը: