ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հանրապետության հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում օգոստոսի 19-ին՝ 02։15-ի սահմաններում, հայտնաբերվել են շարքայիններ, 2002 թվականին ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թվականին ծնված Լեւոն Ռաֆայելի Հարությունյանի եւ 2002 թվականին ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնել են, որ դեպքի հանգամանքները պարզվում են։
ՀՀ ՊՆ եւս մի հայտարարություն է տարածել օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ ընդգծելով, որ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։
ՊՆ-ն հորդորել է հետեւել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը եւ չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել եւս զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։
ՊՆ-ն ընդգծել է, որ նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։
Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները, եւ հանրությանը պատշաճ կտրամադրվեն համապատասխան տեղեկություններ։