Գյումրիում գրեթե բոլորն են ճանաչում Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Նատալյա Խաչատրյանին։ Դերասանուհու՝ մի կողմից մաքրամաքուր հայերենն ու հայկական նիստ ու կացը, մյուս կողմից սլավոնական արտաքինն ու անունը երկմտանքի մեջ են դնում շատերին. մի՞թե հայ բեմի սիրված դերասանուհի Նատալյան հայ չէ։
Մինչ կսկսվի հերթական ներկայացման փորձը, թատրոնի գրիմանոցում՝ բազմաթիվ հայելիների առջեւ, դերասանուհին կտրվում է ներկայից ու մոտ կես դար հետ է գնում։
Ռուսաստանի Պրիմորսկի մարզի Ուսսուրիյսկ քաղաքում է ծնվել Նատալյա Մեդինան՝ զինվորականի ընտանիքում։ Հայրենի քաղաքի անունը տալիս միայն գույներ, բույրեր ու ձայներ է մտաբերում․ «Մեր տնից Վիսոցկու երգերը, իմ դեղին շորիկն ու վարունգի բույրն եմ հիշում։ Մեր ընտանիքին պատուհասած դժբախտությունը՝ քրոջս կորուստն ու Գյումրի գալն եմ հիշում»,-մանկացած հայացքով պատմում է Նատալյան։
Հայրը, Գյումրիում զինվորական ծառայության անցնելով, այնքան է հավանում քաղաքը, որ ընտանիքին եւս բերում է իր մոտ։ Հարազատներին գրած նամակում ասել էր՝ դրախտ երկիր է։
Նատալյան Հայաստանում հիշում է իրենց առաջին տունը հայտնի Սլոբոդկա թաղամասում։ Տան խոնավությունն է հիշում, եւ թե ինչպես քանդեցին քայքայված հատակը, որի տակից աղջնակը մանրադրամներ էր գտնում եւ ուրախանում։
Լենինականյան խիստ Սլոբոդկայում բակի երեխաները իրեն նայում էին որպես սպիտակ ագռավի․ «Ես ուրիշ էի, բայց չէի ուզում ուրիշ լինել, ես ուզում էի լինել թաղի երեխաներից մեկը։ Չէի սիրում, երբ ինձ Նատաշ էին ասում, մինչեւ հիմա էլ չեմ սիրում այդ դիմելաձեւը»։
Հետո տեղափոխվեցին ավելի բարվոք բնակարան։ Տան անդամները գնում էին աշխատանքի, Նատալյան պատուհանի մոտ նստած սպասում էր տնեցիներից որեւէ մեկի վերադարձին։ Ամենաքաղցր պահը թեյնիկով կակաոն էր, որը պատրաստվում էր հատուկ իր համար՝ որպես մենակ մնալու պարգեւատրություն։
Նատալյան թեեւ ռուսական դպրոցում էր սովորում, բայց սկսում է ինքնուրույն սովորել հայերեն։ Նա աչքի էր ընկնում յուրահատուկ տաղանդով, բեմականացնում էր ամեն մի իրադարձություն ու դիպված։ Իր աթոռ կամ սեղան բեմն ուներ, խաղում էր թեկուզ մեկ կամ երկու հանդիսատեսի համար։
Աղջնակի տաղանդը տեսնելով՝ մայրիկի ծանոթներից մեկն առաջարկում է խաղալ իր թատերական խմբում։ Խումբը գործում էր տեքստիլ ակումբում, որտեղ դասավանդում էր ՀՀ ժողովրդական արտիստ Ռազմիկ Բադալյանը։
Թատերախմբում Նատալյան իրեն զգում է ինչպես ձուկը ջրում։ Մասնագիտական կողմնորոշումից բացի՝ այնտեղ նա գտնում է նաեւ ապագա ամուսնուն՝ այժմ ՀՀ վաստակավոր արտիստ, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի սիրված դերասան Սամվել խաչատրյանին։ «Դա սեր էր առաջին հայացքից, որը բռնկվեց ու մինչեւ հիմա վառվում է նույն ուժգնությամբ»։
Տասնյոթը չբոլորած՝ Նատալյա Մեդինան կայացրեց իր կյանքի ամենակարեւոր որոշումը՝ դարձավ Նատալյա Խաչատրյան՝ համալրելով խիստ հայկական ու ավանդապահ գյումրեցի ընտանիքներից մեկի շարքերը։
Ժպիտով է հիշում՝ ավանդապահ սկեսրայրի սրտով չէր ռուս հարս ունենալը, բայց աչքաբաց ու ժպտերես Նատալյան շատ արագ գրավեց բոլորի սերն ու վստահությունը։ Շուտ ամուսնանալը օգնեց, որ ընտանիքից ընտանիք անցումն անցնցում լինի։ Դպրոցն ավարտեց ամուսնու տանը, որդի ու դուստր ունեցավ, կյանքն ավելի պայծառ դարձավ։
Այդ տարիներին աշխատում էր Լենինականի հայտնի գուլպա-նասկեղենի ֆաբրիկայում։ Շատ լավ էր աշխատում, կարճ ժամանակահատվածում Նատալյային ներկայացրին աշխատանքային հերոսի կոչման, սակայն դա չէր ոգեւորում նրան․«Մտածում էի՝ Աստվա՜ծ իմ, մի՞թե ես սրա համար եմ ծնվել, որ ողջ կյանքս մաշեմ դազգահների առաջ»։
Ներքին մի ձգտում, մի այլ աշխարհի կանչ հանգիստ չէր տալիս երիտասարդ հարսին։
Հետո՝ երկրաշարժ, հետո՝ ժամանակավոր բնակություն աղետի գոտու հայերին Ռուսաստանում տրամադրված հանրակացարաններում, որտեղ հայ երեխաների համար թատերական խմբակներ կային։ Աշխատում էր, դասավանդում՝ իր վրա վերցնելով միջոցառումների կազմակերպման գործը։
Հայաստան վերադառնալուն պես Նատալյան դերասան ամուսնուն խնդրում է իրեն տանել Լենինականի Առասպելի դպրաթատրոն՝ ամուսնու աշխատավայրը։ Դպրաթատրոնի հիմնադիր, դրամատուրգ, արձակագիր, դերասանուհի Աննա Պետրոսյանը մի քանի ժամ մտերմիկ զրուցում է Նատալյայի հետ եւ ասում՝ հաճույքով կաշխատենք քեզ հետ, այսօրվանից դու մեր դպրաթատրոնի դերասանուհին ես։
Դպրաթատրոնի լուծարումից հետո ամուսինը՝ Սամվել Խաչատրյանը, աշխատանքի հրավեր է ստանում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնից։ Նատալյան չէր էլ պատկերացնում, որ երբեւէ ինքն էլ հնարավորություն կունենար խաղալու Մեծերի ոտք դրած բեմում։
Դեր է ստանում «Հավատք» ներկայացման մասսայական տեսարանում։ Թատրոնի այն ժամանակվա գեղարվեստական ղեկավար, կինոռեժիսոր, բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանի աչքից չի վրիպում Նատալյայի տարբերվող, արտահայտիչ խաղը։ Սկսում է զարգացնել դերն ու առաջ բերել կերպարը։
«Ավերված քաղաքի ակորդը» բեմադրելիս Ալբերտ Մկրտչյանը ավելի մեծ դեր է վստահում Նատալյային։ «Իրկուտսկյան պատմություն» ներկայացման մեջ կերպավորում է սլավոնացի աղջկան՝ Զինային։ Այս դերում բնականությամբ ու անմիջականությամբ նա հիացնում է հանդիսատեսին։
«1996 թվականի մարտի 28-ին փորձի սեղանի շուրջը Ալբերտ Մկրտչյանից լսեցի անսպասելի խոսքը՝ «Ժողովո՛ւրդ, մեր թատրոնը նոր դերասանուհի ունի՝ Նատալյան»։ Ապրիլի 1-ից արդեն որպես անձնակազմի լիարժեք անդամ մտա թատրոն։ Կարծես երբեք էլ առանց թատրոնի չէի եղել, թատրոնն ինձ ընդունեց, ես՝ թատրոնին։ Իմն էր, ապրում ու աշխատում էի հաճույքով, դերերս հաջորդում էին մեկը մյուսին»,- ասում է Նատալյան։ Հայի կերպարներում նա նույնքան համոզիչ է, որքան ռուսի։
Ի՞նչ տվեց Ձեզ բեմը հարցին Նատալյան հարցով է պատասխանում. «Ի՞նչ չտվեց ինձ բեմը։ Բեմը տվեց ինձ ապրելու, մարդկանց ճիշտ հասկանալու, էմոցիաներ տալու եւ ստանալու հմտություններ»։
Զրույցով տարված՝ դերասանուհին ուղիղ տասնհինգ րոպե ուշացավ հերթական փորձից։ Հապշտապ հրաժեշտ տվեց ու վազեց բեմ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։