ՀՀ նախագահի հրամանագրով օգոստոսի 19-ին ՀՀ արտգործնախարար նշանակվեց ԱԺ նախկին խոսնակ Արարատ Միրզոյանը. այսպիսով ամբողջացավ ՀՀ Կառավարության կազմը։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսուհետ լինելու է փոխվարչապետ։ Նրա նախկին պաշտոնում է Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պահպանել է իր պաշտոնը։
Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի ղեկավարել շրջակա միջավայրի, Անահիտ Ավանեսյանը` առողջապահության, Անդրանիկ Փիլոյանը`արտակարգ իրավիճակների, Վահրամ Դումանյանը` կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, Վահան Քերոբյանը` էկոնոմիկայի նախարարությունները։
Պաշտպանության նախարար է նշանակվել մինչ այդ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնող Արշակ Կարապետյանը:
Նարեկ Մկրտչյանն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալից դարձել է նախարարության ղեկավար։ Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվել է ֆինանսների նախարար։
ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը նշանակվել է արդարադատության նախարար, իսկ Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։