Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հարուստ պետություններին հորդորել է սառեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաքանակով պատվաստումները եւ ցածր եկամուտով երկրների բնակիչներին առաջին չափաքանակը ստանալու հնարավորություն ընձեռել:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի ավագ խորհրդական Բրյուս Այվարդը նշել է, որ այս պահին աշխարհում կան անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութեր, բայց դրանց բաշխումը հավասարաչափ ու հասցեական չէ։
ԱՀԿ ավագ գիտաշխատող Սոումյա Սվամինատանն ընդգծել է, որ թեեւ «Դելտա» շտամի վարակելիությունն ավելի բարձր է, եւ այն երբեմն ախտորոշվում է նույնիսկ երկու չափաքանակով պատվաստվածների մոտ, սակայն պատվաստանյութերն արդյունավետ են նաեւ «Դելտա»-ի դեպքում՝ հիվանդության ծանր ընթացքը եւ մահացությունը կանխելու առումով։
ԱՀԿ մասնագետները նշել են, որ երրորդ չափաքանակի նպատակը հակամարմիններն ավելացնելն ու օրգանիզմի պաշտպանությունը խթանելն է, սակայն երկու չափաքանակով պատվաստված համայնքներում սոցիալական հեռավորություն պահպանելու եւ դիմակ դնելու կանոններին հետեւելն արդեն իսկ բավական է՝ «Դելտա»-ի տարածումը կանխելու համար։
ԱՀԿ մասնագետներն ընդգծել են, որ շատ երկրներում մարդիկ դեռ առաջին չափաքանակը չեն ստացել, ուստի պետք է նախեւառաջ մտածել այդ երկրների բնակիչների մասին: