ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ «Միջազգային բանակային խաղեր-2021» ռազմամարզական միջոցառման շրջանակում Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 19-ից սեպտեմբերի 2-ը կանցկացվի «Խաղաղության մարտիկ» մրցույթը։
Մրցույթին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունները եւ Քաթարի Պետությունը։
Միջոցառումը կանցկացվի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի եւ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի բազաներում։
Մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 22-ին, փակման արարողությունը՝ սեպտեմբերի 1-ին: Մրցումները կանցկացվեն Երեւանում, Դիլիջանում եւ Իջեւանում:
Մասնակից պետությունների թիմերն ուժերը կչափեն ռազմամարզական «Ատլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական եւ պարային-երաժշտական «Տեր եւ տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձեւերում: