Եվ այսպես՝ երկար «տվայտանքներից» հետո ՀՀ ԱԺ խորհուրդը որոշեց Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի (փաստաթղթի երկար-բարակ անվանումը չգրեմ) հավելվածում փոփոխություններ կատարել եւ սահմանել, որ լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում եւ Ազգային ժողովի այգում։
Ազգային ժողովի պատգամավորների աշխատասենյակներում լրագրողները կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ: Ընդ որում՝ այս նախագծի հեղինակներից մեկը նախկին լրագրող է։
Լավ, էս կարգը գրելուց առաջ տեսնես դրա հեղինակները ջանք թափե՞լ են՝ կարդալու «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ՝ «Լրագրողի հավատարմագրումը» հոդվածի 3-րդ մասը։ Մեջբերում եմ՝
«3. Հավատարմագրման կարգում չպետք է սահմանվեն, իսկ սահմանվելու դեպքում իրավաբանական ուժ չունեն այնպիսի դրույթները, որոնք՝
1) կսահմանափակեն հավատարմագրված լրագրողի իրավունքը՝ մասնակցելու տվյալ մարմնի, դրա ստորաբաժանումների նիստերին, այլ միջոցառումներին, բացառությամբ դրանց դռնփակ լինելու դեպքերի.
2) կբացառեն տվյալ մարմնում անցկացվող միջոցառումների մասին լրագրողների՝ ողջամիտ ժամկետում տեղեկացված լինելը.
3) անհավասար պայմաններ կստեղծեն հավատարմագրված լրագրողների համար»։
Ուշադրություն դարձրեք հատկապես 1-ին կետին։ Սահմանելով, որ լրագրողները կարող են աշխատել միայն «առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում եւ Ազգային ժողովի այգում», դույն կարգը բացառում է հավատարմագրված լրագրողների մուտքը մշտական հանձնաժողովների նիստերին։ Իսկ ով կասի, թե մշտական հանձնաժողովները ԱԺ ստորաբաժանումներ չեն, թող առաջինը քար նետի ինձ վրա։
Արդ, համաձայն օրենքից մեջբերված հոդվածի, միայն «առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում եւ Ազգային ժողովի այգում» լրագրողների աշխատելու մասին դրույթը, որը սահմանափակում է հավատարմագրված լրագրողների իրավունքը՝ ներկա լինելու ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերին, իրավաբանական ուժ չունի եւ ենթակա է անվավեր ճանաչվելու։
Օրենքից մեջբերված հատվածում ուշադրության է արժանի նաեւ 3-րդ կետը։ Եթե մի լրագրողին մշտապես կհրավիրեն պատգամավորի աշխատասենյակ եւ միայն նրա հարցերին կպատասխանեն (իսկ որ էդպես կլինի, ուղղակիորեն բխում է տվյալ կարգի ոգուց, այն է՝ զրույցի հրավիրել միայն իրենց հարմար հարցեր տվողներին), ապա, բնականաբար, դա հենց կնշանակի անհավասար պայմաններ ստեղծել հավատարմագրված լրագրողների համար, որովհետեւ մի մասը միշտ կունենա բացառիկ տեղեկություններ ստանալու իրավունք, իսկ մյուս մասը (անհարմար հարցեր տվողները) զրկված կլինի դրանից։
Ահա թե ինչ է լինում, երբ կարծում են, թե իրենք ամենագետ են, եւ անտեսում են լրագրողական կազմակերպությունների կոչերը (վերջին շրջանում այդպիսի երեքն է եղել)՝ ոլորտին վերաբերող հարցերը քննարկել լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Չէ՛, դե ի՞նչ քննարկեն։ Չէ՞ որ Նիկոլի (Փաշինյանի, ոչ թե Քիդմանի) ուսերին բազմած խորհրդարան անցնելուց հետո իրենք հանճարներն են եւ խորհրդատվության կարիք չունեն։
Իսկ եթե դիմեին, ապա իմ գործընկերները՝ Բորիս Նավասարդյանը, Աշոտ Մելիքյանը կամ Շուշան Դոյդոյանը հաստատ մատնացույց կանեին օրենքի համապատասխան դրույթը։
Այս սահմանափակումները միտված են մի բանի՝ ԱԺ գործունեության մասին միայն դրական՝ «պուպուշ» լուրեր տարածելուն։
Մի շատ հայտնի ասացվածք կա՝ «Մեռածների մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ»։ Կարո՞ղ է, նման կարգեր սահմանելով, լրագրողների՝ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքները սահմանափակելով ու ոտնահարելով, հեղինակներն ուզում են ասել, որ ԱԺ-ն մեռած կառույց է, եւ նրա մասին պիտի գրել կա՛մ լավը, կա՛մ ոչինչ…
Էս ի՞նչ ակնարկներ եք անում, պարոնա՛յք…
Հ. Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր, երբ տարածվեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը կատարելու է Ազգային ժողովի ՔՊ խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները։ Հայտարարության մեջ սույն պարոնը նշել է՝ «Մեդիա պատասխանատուի պատասխանատվության տիրույթում է հանրության եւ լրատվական գործունեություն իրականացնողների միջեւ խմբակցության հաղորդակցության եւ ընթացիկ աշխատանքների լուսաբանման պատշաճ ապահովումը»։ Սրանով ՔՊ-ն իբր ուզել է ասել, որ իրենք լրատվամիջոցների հետ բաց են աշխատելու։ Իրականում սա այն նույն՝ լրագրողների գործունեությունը սահմանափակելու տրամաբանության մեջ է։ Այսուհետեւ ՔՊ-ական ոչ մի պատգամավոր ոչ մի լրագրողի հարցի չի պատասխանելու, միայն ասելու է՝ «մեդիա պատասխանատուին դիմեք»։ Դե իսկ մեդիա պատասխանատուն էլ կշարունակի «պուպուշ» մեկնաբանությունները խմբակցության «փայլուն գործունեության» մասին։ Իսկ թե միայն լավը ասելը ինչ է նշանակում, վերեւում արդեն գրեցինք։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։