Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների միջկառավարական խորհրդի նիստում հայտնել է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում համատեղ գործողությունների շնորհիվ ԵԱՏՄ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է:
Ռուսաստանի վարչապետը հավելել է, որ համավարակի շրջանը ցույց է տվել, որ Միությունն ի վիճակի է օպերատիվ եւ ճկուն արձագանքելու տարբեր մարտահրավերների եւ փոփոխությունների:
«Մակրոտնտեսական ցուցանիշներն ամբողջությամբ վերցված վատ չեն, առաջին կիսամյակի արդյունքներով գյուղատնտեսական արտադրանքի թողարկումն ավելացել է 0,6%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալները՝ 4,4%-ով, մշակող արդյունաբերության արտադրությունը՝ 6,5%-ով»,- ասել է Միշուստինը:
ՌԴ վարչապետը ԵԱՏՄ-ի երկրներին հորդորել է աշխատել իրենց տնտեսությունների թվայնացումն արագացնելու ուղղությամբ: «Պայմաններ պետք է ստեղծենք մեր տնտեսությունների արագ «թվի» անցման համար, ներդնենք առաջավոր տեխնոլոգիաներ եւ պրակտիկաներ»,- ասել է նա:
Միշուստինը նշել է, որ արդեն իսկ գործնական քայլեր արվել են: Հուլիսի սկզբից գործարկվել է առանց սահմանների աշխատանքի որոնման միասնականացված համակարգի առաջին համատեղ ծրագիրը, ինչը, ըստ Միշուստինի, լավ նախանշան է:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով օգոստոսի 19-ին աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաք է մեկնել նաեւ ՀՀ վարչապետ Փաշինյանը։
Միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ղեկավարները: