Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է Աֆղանստանից փախստականներ ընդունելուց եւ Եվրամիությանը կոչ է արել պատասխանատվություն ստանձնելու տարածաշրջանի միգրացիոն ճգնաժամի համար:
Թուրքիայի նախագահը նշել է, թե իր երկիրը աֆղանստանցի ներգաղթյալների պահոց չի դարձնի Եվրոպայի համար: Նա հավելել է, որ Անկարան Թեհրանի հետ համատեղ բավականաչափ միջոցներ է ձեռնարկել փախստականներին զսպելու համար, եւ այժմ պատասխան գործողություններ պետք է ձեռնարկեն եվրոպացիները:
Թուրքիայի նախագահը նաեւ խոստովանել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջը նստել «Թալիբան» ահաբեկչական շարժման անդամների հետ, որպեսզի միասին լուծեն առկա խնդիրները:
Ավելի վաղ ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը հայտարարել էր, որ ԵՄ-ի երկրները պետք է թույլ տան, որ Աֆղանստանից ավելի շատ փախստականներ գան:
Յոհանսոնը ԵՄ անդամ երկրներին հորդորել էր չեղարկել այդ երկրի անօրինական ներգաղթյալների հարկադիր հայրենադարձությունը եւ ավելացնել նրանց ընդունելության քվոտաները: Եվրահանձնակատարը նաեւ հայտարարել էր, որ այժմ պետք է օգնել նրանց, ովքեր միջազգային պաշտպանության կարիք ունեն:
Ի դեպ, թուրքական Konsensus հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել՝ փորձելով պարզել Թուրքիայի բնակչության շրջանում տիրող տրամադրությունները փախստականների նոր ալիք ընդունելու վերաբերյալ։ Հեռախոսով անցկացրած հարցմանը մասնակցել է 1500 մարդ։
Հարցվածների 67 տոկոսը համարել է, որ այլեւս չի կարելի ընդունել փախստականներին, եւ Թուրքիայի սահմանները պետք է փակ պահել նրանց առառջ։
Փախստականների ընդունելուն վերապահումներով համաձայնել է հարցվածների 23 տոկոսը։