Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Հռոմում ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ) հայտնել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) անվտանգության հարցում անվստահության պատճառով ժամանակավորապես դադարեցրել է մարդասիրական օգնությունն Աֆղանստանին:
Մշտական ներկայացուցչությունում նշել են, որ ՊՀԾ-ն ժամանակավորապես դադարեցրել է հումանիտար օգնության միջանցքներով մատակարարումները Աֆղանստանում ստեղծված իրադրության պատճառով: Միեւնույն ժամանակ կազմակերպությունը մտադիր է շարունակել աշխատանքը երկրում՝ հաշվի առնելով երկրի ծանր իրավիճակը:
Կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Կուն Լին ավելի վաղ հայտնել էր, որ Պարենի համաշխարհային ծրագիրը անձնակազմի եւ գործընկերների անվտանգության երաշխիքների դեպքում կշարունակի ապահովել իր հումանիտար ծրագրերն Աֆղանստանում:
Ըստ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ Աֆղանստանում ստեղծված իրադրությունն ունի հումանիտար աղետի բոլոր նշանները: Կազմակերպության ներկայացուցիչները նշել են նաեւ, որ յուրաքանչյուր երրորդ աֆղանստանցի այսօր պարենի սուր կարիք է զգում:
Արժույթի միջազգային հիմնադրամը եւս հայտնել է, որ դսդադարեցնում է օգնությունն Աֆղանստանին՝ երկրի ղեկավարության կարգավիճակի հետ կապված անհստակության պատճառով:
«Թալիբանի» ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել են, որ միջազգային հանրությունը պարտավոր է օգնել Աֆղանստանին: