ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում կհանդիպեն օգոստոսի 31-ին:
Նախնական պայմանավորվածությամբ՝ հանդիպումը պետք է տեղի ունենար մեկ օր շուտ՝ օգոստոսի 30-ին: Ըստ Ուկրաինայի արտգործնախարարության՝ հանդիպման մեկօրյա հետաձգումը կապված է Միացյալ Նահանգներ Զելենսկու կատարելիք այցի ծրագրի ընդարձակման հետ:
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան երեկ հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնեցրել են նախագահների հանդիպումը օգոստոսի 31-ին կազմակերպելու հարցը։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել է, թե հանդիպման նպատակն է ընդգծել, որ Ամերիկան աներկբա պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը եւ դատապարտում Ռուսաստանի շարունակական ագրեսիան ու Ղրիմի բռնակցումը։
Ուկրաինայի նախագահն, իր հերթին, թվիթերյան գրառմամբ հայտարարել է, թե բովանդակալից զրույց է ունենալու ԱՄՆ առաջնորդի հետ։ Նա ընդգծել է, թե ակնկալում է, որ կքննարկեն Դոնբասում խաղաղություն հաստատելու եւ Ղրիմը վերաինտեգրելու հարցերը։
Բայդենի եւ Զելենսկու հանդիպմանն ընդառաջ «Ալիք Մեդիա Հայաստան»-ը կներկայացնի ուկրաինա-ամերիկյան հարաբերությունների շուրջ ամերիկյան եւ ուկրաինական մամուլում հրապարակված ուշագրավ հոդվածներ՝ Կարինե Դավոյանի թարգմանությամբ։