Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Լեհաստանի եւ Բելառուսի միջեւ սահմանին՝ Պոդլյասկոյե վոյեվոդության Ուսնաժ-Գուռնայի բնակավայրի մերձակայքում, արգելափակված են մնացել մի քանի տասնյակ ներգաղթյալներ, որոնք անօրինականորեն փորձել են Բելառուսից անցնել Լեհաստան: Սահմանապահները շրջապատել են անօրինական ներգաղթյալների խմբին եւ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել երկրներից ոչ մեկը:
Երկու կողմի սահմանապահները ներգաղթյալներին թույլ չեն տալիս նաեւ որեւէ բան փոխանցել սահմանի մյուս կողմը: Հինգշաբթի իրավապաշտպաններին հաջողվել է միգրանտներին սնունդ եւ ջուր փոխանցել: Լեհաստանի սահմանապահների տվյալներով՝ սահմանին կուտակված բոլոր անօրինական ներգաղթյալները աֆղանստանցիներ են, որոնց մեծ մասը երիտասարդ տղամարդիկ են, նրանց մեջ կանայք ու երեխաներ չկան:
Լեհաստանի Սահմանային պահպանության բաժնի պաշտոնական ներկայացուցիչ Կատաժինա Զդանովիչը հայտնել է, որ շուրջ 30 մարդ բելառուսական կողմում է: Նրա տվյալներով՝ բելառուսական իշխանությունները կանանց ու երեխաներին թույլատրել են Բելառուս մտնել:
Իրադրությունը Լեհաստանի եւ Բելառուսի սահմանին սրվել է վերջին ամսին: Լեհ սահմանապահների տվյալներով՝ միայն ընթացիկ տարվա օգոստոսին սահմանը անօրինական կերպով փորձել է հատել 1935 մարդ:
Սահմանապահները նշել են, որ կանխել են սահմանը հատելու 1175 փորձ, 760 օտարերկրացու ձերբակալել եւ ուղարկել են փակ կենտրոններ:
Վերջին ամիսներին Լեհաստանը, ինչպես նաեւ Լիտվան եւ Լատվիան հայտարարել են Բելառուսի հետ սահմանի վրա ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ երկրներ անօրինական ներգաղթյալների հոսքը. Արեւմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար ո՛չ փող ունեն, ո՛չ միջոցներ: