Ըստ Daily Mail-ի՝ Մեքսիկայի ավերված Թեոթիուական քաղաքում հնագետները 1800-2000 տարեկան ծաղկեփնջեր են հայտնաբերել։
Գտածոները եղել են 18 մետր խորությամբ` Կեցալկոատլին («Փետրավոր օձ»` մեզոամերիկյան դիցաբանության աստված) նվիրված վանքի տակ։
Մեխիկոյի Մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի հնագետ Սերխիո Գոմեսը նշել է, որ ծաղիկների ցողունները հիանալի պահպանվել են։ Նա հավելել է, որ ծաղիկները պարաններով կապկպված են, հավանաբար պարանները բամբակից են։
Մասնագետները ենթադրում են, որ բույսերը, ամենայն հավանականությամբ, ընծա են եղել Կեցալկոատլին: Բնիկները հավատում էին, որ Կեցալկոատլին աստվածը մարդկությանն է նվիրել եգիպտացորենը եւ մասնակցել մարդու ստեղծմանը։
Հնագետները կարծում են, որ քաղաքը կառուցվել է Ք.ծ.ա. 100 թվականին եւ գոյատեւել է մինչեւ 8-րդ դարը։ Հնագետները Թեոթիուականն անվանում են նախաիսպանական Հյուսիսային Ամերիկայի ամենաազդեցիկ տարածաշրջաններից մեկը։ Զարգացման գագաթնակետին այնտեղ ապրել է շուրջ 200 հազար մարդ։