Խորհրդային տարիներին «թուրք» անվանումն ադրբեջանցիների համար վիրավորական էր: Եթե հիշողությունս չի դավաճանում, բանաստեղծ Բախտիար Վահաբզադեն է Բաքվի բազմամարդ հանրահավաքներից մեկում հայտարարել, որ իրենք ադրբեջանցի չեն, թուրք են:
Մի քանի տարի անց Հեյդար Ալիեւը շրջանառության դրեց «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսը՝ նկատի ունենալով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը նույն թուրք ազգի երկու պետական կազմավորումներն են: Խորքային իմաստով այդ ձեւակերպումն ի չիք է դարձնում նրա իսկ հանձնարարականով դեռեւս անցյալ դարի 60-ականներին սկզբնավորված «պատմագիտական թեզը»՝ իր տարբեր դրսեւորումներով, որ Արեւելյան Անդրկովկասի թուրքախոս հանրությունը «նախաբնիկ է»:
Համաշխարհային գիտական հանրությունը, ինչպես նաեւ Թուրքիայի քաղաքական վերնախավն անխոս ընդունում են, որ թուրքերի բուն հայրենիքը Թուրքեստանն է: Նույնիսկ Էրդողանն է հրապարակային ելույթներում հպարտանում, որ իրենց նախնիները եկել եւ Անատոլիան հայրենիք են դարձրել: Որտեղի՞ց են եկել: Անդրկասպյան աշխարհներից:
Ստացվում է, որ մինչեւ թուրքական ցեղախմբերը բանակ կկազմեին, կշարժվեին դեպի արեւմուտք, ո՛չ Անատոլիայում, ո՛չ Արեւելյան Անդրկովկասում, ո՛չ էլ Պարսկաստանի հյուսիսում թուրքեր չեն եղել:
Նրանք այդ տարածքներում հայտնվել են 11-12-րդ դարերում: Հետեւաբար Ադրբեջան կոչվող պետության թուրքախոս բնակչությունը Հարավային Կովկասում պատմական-քաղաքակրթական հայրենիք չունի: Ինչպես որ թուրքերը չունեն Անատոլիայում եւ Կոստանդնուպոլսում: Թուրքերը դա ընդունում են: Երբեք չեն թաքցնում, որ Կոստանդնուպոլիսը նվաճել են, Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի:
Արեւելյան Անդրկովկասի թուրքախոս բնակչությունն էլ ենթագիտակցորեն գիտի, որ իր նախնիները ջինլի, թեմիր-միսկանլի, կարափափախ, խոյլու, սուլդուզ, քենգերլի եւ այլ ցեղախմբերից են սերում։ Բայց Ադրբեջան կոչվող պետության քաղաքական վերնախավը նրան տասնամյակներ ի վեր այլ բան է ներշնչում, թե իրենք տարածաշրջանում ավտոխտոն են, հին քաղաքակրթություն ունեն: Թեեւ ոչ մի պատմաբան՝ ամենավառ երեւակայությամբ իսկ, 17-18-րդ դարերից անդին ադրբեջանական ոչինչ չի կարողանում հայտնագործել:
Ուղղակի զավեշտ է, երբ, ասենք, Ֆարիդա Մամեդովան ժամանակին գործուղվել է Լենինգրադ, հայ պատմաբան Կարեն Յուզբաշյանի մոտ գրաբար սովորել, որպեսզի Կիրակոս Գանձակեցի, Մովսես Կաղանկատվացի կարդա բնագրով եւ «հայտնագործի» Կովկասյան Աղվանքը՝ որպես «միջնադարյան ադրբեջանական պետություն»:
Ի՞նչ կապ ունի Կովկասյան Աղվանքը. եթե անգամ նման պետություն եղել է, ադրբեջանցիների եւ Ադրբեջանի հետ առհասարակ կապ չի կարող ունենալ, քանի որ ադրբեջանցիները հպարտանում են, որ թուրք են: Թուրք են, ուրեմն եկվոր են: Եթե եկվոր չեն, ուրեմն թուրք չեն: Այդ դեպքում ո՞վ են: Թուրքերի կողմից նվաճված-ուծացված-բռնի թուրքացված «աղվաննե՞ր»:
Իսկ պատմությունը «աղվան ժողովուրդ չի ճանաչում: Գիտական աշխարհը գիտի Կովկասյան Աղվանք՝ որպես երկու տասնյակից ավելի ցեղերի միություն: Այդ «պետությունը» ո՛չ միասնական լեզու է ունեցել, ո՛չ էլ քաղաքակրթական ամբողջություն: Միակ միավորող գործոնը քրիստոնեությունն էր, որ նրանք ընդունել են Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսից: Աղվանքն, այսպիսով, կրոնական առումով «հայկական էր»: Իսկ թե երբ է վերացել այդ «պետությունը», ստույգ ոչ ոք չգիտի:
Ահա այսպես. եթե ադրբեջանցիները թուրք են, ապա չեն կարող հավակնել Կովկասյան Աղվանքի եղած կամ իրենց իսկ հնարած քաղաքակրթական ժառանգությանը: Դա նույնն է, որ Թուրքիան իրենը համարի բյուզանդական քաղաքակրթությունը: Պատմությունը սրբագրումներ չի հանդուրժում: Չկա «ադրբեջանական ինքնություն»: Սա ոտնձգություն չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ, այլ փաստի արձանագրում:
Հակառակ դեպքում Հեյդար Ալիեւը չէր ներմուծի «ադրբեջանականություն» քաղաքական եզրույթը, որի իմաստն այն է, որ «ադրբեջանցին» էթնոնիմ չէ, այլ քաղաքացիության բնորոշում: Ինչպես որ ամերիկացի են ԱՄՆ-ում բնակվող էթնիկ անգլոսաքսերը, մեքսիկացիները, ճապոնացիները, հայերը, չինացիները եւ նախաբնիկ հնդիկները, Ռուսաստանում ռուսաստանցի են ռուսները, ուկրաինացիները, թաթարները, բաշկիրները, չեչենները, ալանները, լեզգիները եւ մյուսները, այնպես էլ Ադրբեջան անվանված պետությունում ադրբեջանցիներ են թուրքերը, թալիշները, լեզգիները, թաթերը…
Խնդիրն այն է, որ, գուցե, Ղուբայի Կրասնայա Սլոբոդա ավանի լեռնական հրեաները կամ Գաբալայի լեզգիներն իրենց ճանաչում են որպես ադրբեջանցի, թեեւ դա էլ խիստ կասկածելի է, բայց Արցախի հայությունը երբեք իրեն ադրբեջանցի չի համարել, չի համարում եւ չի համարի: Որովհետեւ արցախահայությունը սեփական ինքնությունը գիտակցում է արդեն ավելի քան երեք հազար տարի:
Ինքնության խնդիր Արեւելյան Անդրկովկասի թուրքախոս հանրությունն ունի: Այն պետական միջամտությամբ լուծելու փորձերը ձախողված են: Մնացել է մեկ տարբերակ՝ ինքնահաստատվել հայկական ինքնության հաշվին, բայց նույնիսկ այդ դեպքում էլ թուրքականությունը բացահայտում է Իլհամ Ալիեւի սնանկությունը: Մի քանի օր առաջ նա հոխորտում էր, որ «Բասարքեչարը պատմական ադրբեջանական հող է»: Բառի բացատրությունն ապացուցում է, որ խոսքը երբեմնի «նվաճած տարածքի» մասին է: («Բասար»-ը թուրքերենից թարգմանվում է «խեղդել»): Ոչ մի ժողովուրդ սեփական հողը նվաճած չի անվանում:
Սա է, ահա, ադրբեջանական «ինքնությունը»: Նույնիսկ տեղանուն ստեղծելիս են փաստել, որ իրենք եկվոր, օտար նվաճող են:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։