Ուսումնասիրությունները փաստում են, որ պատվաստումները դանդաղեցնում են համավարակի տարածումը եւ կյանքեր փրկում։ Միացյալ Թագավորությունում արված հետազոտությունն ու ստացված վիճակագրությունը ցույց են տալիս, որ մասնակից 207 հազար մարդկանցից գրեթե բոլորի մոտ պատվաստանյութերի երկրորդ դեղաչափը ստանալուց երկու շաբաթ անց ՔՈՎԻԴ-19 վիրուսի դեմ հակամարմիններ են առաջացել: Բացի դրանից՝ տարբեր բուժաշխատողներ բազմիցս բարձրաձայնել են, որ պատվաստանյութերից առաջացած կողմնակի ազդեցությունների ռիսկը շատ ավելի փոքր է՝ բուն հիվանդության ռիսկի համեմատ: Նույնիսկ Հռոմի Ֆրանցիսկոս պապն է հորդորել պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ շեշտելով, որ դա է համավարակը հաղթահարելու միակ հույսը։
Այնուամենայնիվ, զգալի թվով մարդիկ չեն ցանկանում պատվաստվել: Ըստ «Արժույթի միջազգային հիմնադրամ»-ի (ԱՄՀ) (International Monetary Fund, IMF) մայիսին հրապարակած զեկույցի՝ նման կարծիք ունեցողները կազմում են Մեծ Բրիտանիայի բնակչության 10-20%-ը, Ճապոնիայի բնակչության 50%-ը եւ Ֆրանսիայի 60%-ը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա համաձայն ՍիվիլՆեթի պատվերով «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» (CRRC Armenia)-ի 2021-ի մարտին կատարած հարցման արդյունքների՝ ՀՀ բնակչության կեսից ավելին՝ 56%-ը, չի վստահում պատվաստանյութերին եւ չի ցանկանում պատվաստվել։
Ուսումնասիրություններից հետո թվարկված երկրներում պատվաստված մարդկանց թիվը կազմում է բնակչության 50-70%-ը, իսկ Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ բնակչության 3%-ից պակաս է։
Ինչո՞ւ մարդիկ չեն ցանկանում պատվաստվել
Պատվաստվել չցանկացողների մեծ մասը չի ուզում ռիսկի դիմել, քանի որ պատվաստման դեպքում անվտանգության երաշխիքներ չկան, իսկ երկարաժամկետ կողմնակի ազդեցությունների մասին խոսելը դեռ վաղ է։ Մարդկանց անվստահությունը խորացնում են նաեւ շրջանառվող եւ ապացույցներից զուրկ տեսակետները, առասպելներն ու միֆերը, որոնք արմատներ են գցել շատերի գիտակցության մեջ՝ դառնալով չպատվաստվելու հիմնավորում կամ արդարացում։ Օրինակ՝ ասում են, թե ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերն ազդում են կանանց կամ տղամարդկանց պտղաբերության/վերարտադրողականության վրա, կամ որ դրանք կարող են ազդել մեր ԴՆԹ-ի վրա եւ այլն։
Ապատեղեկատվությունը՝ հիմնականում սոցիալական ցանցերում, հեշտ եւ արագ տարածվելով, դառնում է հիմնական խոչընդոտը եւ շատերին հետ է պահում պատվաստվելուց։ Իսկ դա խանգարում է մարդկությանը կոլեկտիվ իմունիտետ (պոպուլյացիոն իմունիտետ) ձեռք բերելուն։
Բայց խնդիրը միայն սոցցանցերը չեն, պատվաստանյութերի հանդեպ կասկածների ամրապնդման հիմնական մեղավորներից են նաեւ լրատվամիջոցները։ Համավարակի մասին տեղեկատվություն տարածելիս հայկական լրատվականները հաճախ առաջ են քաշել մանիպուլատիվ թեզեր եւ հրամցրել ապատեղեկատվություն։ Օրինակ՝ «5-րդ ալիք»-ի եթերում լուրերի մեկնաբանն ասում է․ «ԱՀԿ-ն ՀԱՍՏԱՏԵԼ է, որ «ԱստրաԶենեկա»-ն գլխուղեղի թրոմբներ է առաջացնում», մինչդեռ «Հանրային հեռուստաընկերություն»-ը նույն օրվա անդրադարձում պնդում է․ «ԱՀԿ-ն արդեն հայտարարել է, որ ոչ մի կապ չկա «ԱստրաԶենեկա»-ի եւ թրոմբի առաջացման միջեւ»։
Փաստացի երկու հեռուստաալիքներ, հղում տալով նույն աղբյուրին, իրար հակասող «փաստեր» էին ներկայացնում հանրությանը։ Նման օրինակները բազմաթիվ են։ Երբ մեդիան ապատեղեկատվության նման ծավալով «ահաբեկում» է հանրությանը, մարդկանց համոզելը, որ համավարակի պայմաններում պատվաստվելն ամենախելամիտ լուծումն է, ինքնին մարտահրավեր է, նույնիսկ եթե նման կոչով հանդես է գալիս Հռոմի պապը։
Պատվաստանյութերը որքանո՞վ են ռիսկային
Ինչպես ցանկացած պատվաստանյութ, այնպես էլ կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվողները կարող են առաջացնել որոշակի կողմնակի ազդեցություններ։ Պատվաստումից հետո առաջացող բարդությունների մեծ մասը մեղմ է եւ տեւում է մի քանի օր (ջերմություն, մկանային ցավ, ցավ սրսկման հատվածում, թուլություն եւ այլն): Ավելի լուրջ կամ երկարատեւ կողմնակի ազդեցությունները հնարավոր, բայց չափազանց հազվադեպ են։ Նման եզրակացության են եկել մի շարք կազմակերպություններ, այդ թվում Առողջապահության միջազգային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Միացյալ Նահանգներում Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (Centers for Disease Control and Prevention, CDC), ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղերի վարչությունը (Food and Drug Administration, FDA) եւ դաշնային այլ գործակալություններ մշտադիտարկում են ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգությունը։ Այսպիսով, համաձայն մշտապես թարմացվող վիճակագրության, ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումից հետո մահվան դեպքերի մասին հաղորդումները հազվադեպ են:
Միացյալ Նահանգներում 2020 թվականի դեկտեմբերի 14-ից մինչեւ 2021 թվականի օգոստոսի 16-ն իրացվել է ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութերի ավելի քան 357 միլիոն չափաբաժին: Այս ընթացքում պատվաստումների բացասական հետեւանքների մասին հաշվետվությունների համակարգին (VAERS) ներկայացվել է մահվան 6,789 հաղորդում (0,0019%)։ Պատվաստանյութերը հիմնականում ասոցացվում եմ թրոմբոզի առաջացման հետ։ 2021 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ Միացյալ Նահանգներում «Ջոնսոն & Ջոնսոն»-ով ավելի քան 13 միլիոն մարդ է պատվաստվել, որոնցից միայն 42-ի մոտ է առաջացել թրոմբոզ։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում կիրառվող մեկ այլ պատվաստանյութի՝ «Մոդերնա»-ին, ապա ավելի քան 339 միլիոն պատվաստումներից հետո միայն երկու անձի մոտ է առաջ եկել այս հիվանդությունը։
Բայց ԱՄՆ-ում կիրառվող պատվաստանյութերը հասանելի չեն Հայաստանում։ Հիմա փորձենք հասկանալ՝ ինչ վիճակագրություն կա Հայաստանում կիրառվող պատվաստանյութերի մասին։ Այսպիսով՝ սկսենք ամենաշահարկված եւ քննադատությունների կիզակետում հայտնված պատվաստանյութից։
«ԱստրաԶենեկա». կիրառվում է աշխարհի ավելի քան 183 երկրում, այդ թվում Մեծ Բրիտանիայում եւ Ավստրալիայում։
Համաձայն Ավստրալիայի կառավարության առողջապահության վարչության հրապարակած տվյալների՝ օգոստոսի 12-ի դրությամբ երկրում «ԱստրաԶենեկա»-ով պատվաստված մոտ 7․4 միլիոն մարդկանցից թրոմբոզի դեպքեր են արձանագրվել 104-ի մոտ (59 հաստատված, 45 հավանական)։
Համաձայն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական էջում հրապարակված զեկույցի՝ մինչեւ օգոստոսի 11-ը երկրում «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի դեղաչափ է ստացել մոտ 48․7 մլն մարդ։ Այդ ընթացքում Դեղերի եւ առողջապահական պարագաների կարգավորող գործակալությունը (MHRA) թրոմբոցիտային հիվանդության 412 դեպքի մասին է հաղորդում ստացել (0.0084), որոնցից 73-ը՝ մահվան ելքով (0.00014)։
«Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի մասին նման տվյալները մատչելի չեն։ Համաձայն «Սպուտնիկ-Վի»-ի պաշտոնական կայքէջի՝ պատվաստանյութի հետեւանքով լուրջ կողմնակի ազդեցություններ կամ պատվաստումների հետ կապված մահեր չեն գրանցվել։ «Սպուտնիկ-Վի»-ի պաշտոնական թվիթերյան էջի հրապարակման համաձայն՝ ռուսական դեղամիջոցով կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո մահացությունը զգալիորեն ցածր է մյուս պատվաստանյութերից, մասնավորապես՝ «Փֆայզեր»-ից, «Մոդերնա»- ից, «ԱստրաԶենեկա»-ից եւ «Ջոնսոն & Ջոնսոն»-ից։ Համաձայն այդ ուսումնասիրության եւ հրապարակած տվյալների՝ 1 միլիոն պատվաստումների դեպքում «Սպուտնիկ-Վի»-ի մահացության միջին ցուցանիշը 2 է (0.0002%):
Հիշատակված բոլոր հետազոտություններում ընդգծված է, որ պատվաստման եւ մահերի միջեւ հստակ կապ հայտնաբերված չէ. կլինիկական տեղեկատվության վերանայումը, դիահերձումը եւ բժշկական գրառումները պատճառահետեւանքային կապ չեն հաստատել Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի եւ մահերի միջեւ: Բժիշկների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ հաստատված կորոնավիրուսային պատվաստանյութերը, այդ թվում Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա»-ն, «Սպուտնիկ-Վի»-ն եւ Սինովաքը, շատ անվտանգ են: Եվ նույնիսկ եթե կա ռիսկի տոկոս, ապա այն չնչին է կորոնավարակի մահացության ցուցանիշի հետ համեմատած։ Քովիդից մահացել է վարակված մարդկանց մոտ 2%-ը, մինչդեռ տարբեր պատվասանյութերից հետո գրանցած մահերի տոկոսը չի գերազանցում 0․002-ը։ Եվ անգամ այս դեպքում պատվաստանյութերի եւ մահերի միջեւ կապը հստակ չէ։