The Washington Times Daily պարբերականը հրապարակել է Մոսկվայի Ամերիկյան համալսարանի նախագահ Էդվարդ Լոզանսկու դիտարկումները ամերիկա-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ։
Նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Բայդենի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու՝ Վաշինգտոնում առաջիկա հանդիպումը՝ կարեւոր է վերլուծել ԱՄՆ աշխարհաքաղաքական ռազմավարությունը այդ երկրի նկատմամբ եւ տեսնել, թե որքանով է դա ծառայում ԱՄՆ ժողովրդի շահերին եւ այդ ենթատեքստում նաեւ ուկրաինացիներին:
Ահավասիկ մի քանի նախնական կետեր:
Խորհրդային Միության փլուզման հետևանքով ԽՍՀՄ 15 հանրապետությունները, դրանց թվում նաեւ Ուկրաինան, դարձան անկախ պետություններ:
Ազատվելով կոմունիստական լծից՝ արդյունաբերության եւ գյուղատնտեսության ուժեղ ոլորտներով, բարենպաստ կլիմայի եւ բերրի հողի առկայությամբ Ուկրաինան առավել բարգավաճ եվրոպական երկրներից մեկը դառնալու մեծ ներուժ ուներ:
Հակակոռուպցիոն արդյունավետ բարեփոխումներով, ռուսական մեծ թվով բնակչություն ունեցող մարզերի համար ինքնավարության որոշակի մակարդակ ապահովելով, երկու պետական լեզուներով, չեզոք կարգավիճակով եւ առանց որեւէ ռազմական դաշինքի անդամակցության՝ Ուկրաինան կդառնար եթե ոչ նոր Շվեյցարիա, ապա միանշանակ երջանիկ եւ բարգավաճ պետություն: Քաղաքացիական ոչ մի պատերազմ չէր լինի, եւ Դոնբասն ու Ղրիմը դեռ կլինեին Ուկրաինայի մաս:
Այնուամենայնիվ, ներսից եւ դրսից որոշ ուժեր ունեին այլ օրակարգ, ինչը հանգեցրեց ներկայիս ողբերգությանը․ մարդկային եւ տարածքային կորուստներ, արմատական ազգայնականության ձեւավորում, նեոնացիստական շարժում եւ հսկայական տնտեսական անկում: Այս ողբերգությանն ավելացավ այն, որ միլիոնավոր հմուտ աշխատողներ ստիպված եղան լքել երկիրը՝ օտարության մեջ աշխատանք փնտրելու նպատակով:
Բացի դրանից՝ Ուկրաինան այժմ ԱՄՆ թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության գլխավոր բացասական գործոններից մեկն է: Նախագահ Թրամփի իմպիչմենտը Կոնգրեսում, նախագահ Բայդենի որդի Հանթերի հետ կապված ամոթալի սկանդալը, Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի աճող սպառնալիքը․ այս եւ այլ խնդիրներ ինչ-որ չափով առնչվում են Ուկրաինայի հետ:
Այս ողբերգության համար պատասխանատու անձանց ցանկը երկար է, բայց ցավալի է, որ Վաշինգտոնն առաջին շարքերում է:
Ռուսաստանն ակնհայտորեն մեկ այլ խոշոր խաղացող է, բայց նրա գործողությունները հիմնականում արձագանքն են ԱՄՆ քաղաքականության, որը Մոսկվան դիտում է որպես ՆԱՏՕ-ի ընդլայնման միջոցով Ռուսաստանին օղակելու փորձ՝ Ուկրաինային տարածաշրջանում հակառուսական բազա դարձնելով: ԱՄՆ հարկատուների միլիարդավոր միջոցներ Ուկրաինա են լցվել հենց այս նպատակով:
Արեւմուտքը վաղուց երազում էր Ուկրաինան բաժանել Ռուսաստանից
Այս հնարքը ավելի քան մեկ դար առաջ ձեւակերպել է Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը. «Ռուսաստանի հզորությունը կարելի է թուլացնել՝ նրանից անջատելով Ուկրաինան»:
Նախագահ Ջիմի Քարթերի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին եւս պնդում էր, թե «առանց Ուկրաինայի Ռուսաստանը դադարում է Եվրասիական կայսրություն լինելուց»:
Միեւնույն ժամանակ, որոշ փորձագետներ խորհրդային կոմունիզմի փլուզումը դիտում էին որպես Ռուսաստանին Արեւմուտքի գիրկը բերելու պատմական հնարավորություն: Նրանցից մեկն էլ հանգուցյալ Պոլ Ուեյրիխն էր՝ «Ազատ կոնգրես հիմնադրամի» հիմնադիրը: Ես նշեցի Պոլին, քանի որ նա անմիջական կապ ուներ նախագահ Ջորջ Հ. Վ. Բուշի հետ, որին ներկայացնում էր այս գաղափարները: Բուշը հետաքրքրվեց դրանով եւ հետագայում խոսում էր Վանկուվերից Վլադիվոստոկ անվտանգության կամար ձեւավորելու մասին:
Ավելին՝ 1991-ի օգոստոսին՝ ԽՍՀՄ փլուզումից առաջ, Բուշը գնաց Ուկրաինա: Նա ելույթ ունեցավ խորհրդարանում, Գերագույն Ռադայում՝ նախազգուշացնելով, որ «ամերիկացիները չեն աջակցի նրանց, ովքեր փնտրում են անկախություն՝ մեծ մասշտաբի ավտորիտարիզմը տեղական բռնակալությամբ փոխարինելու նպատակով: Ամերիկացիները չեն օգնի նրանց, ովքեր խթանում են էթնիկ ատելության վրա հիմնված ինքնասպան ազգայնականությունը»:
1992-ին Բուշը չվերընտրվեց, եւ այս հռետորաբանությունը վերացավ, իսկ Վաշինգտոնը վերադարձավ Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ Բժեզինսկու տեսլականին, որը ոչ միայն Ուկրաինան բաժանեց Ռուսաստանից, այլեւ այն դարձրեց հակառուսական գործոն:
Եկավ Զելենսկին՝ կատակերգու դերասան, որը մարդկանց ծիծաղեցնում էր շալվարը ցած իջեցրած դաշնամուր նվագելով: Այժմ նա փորձում է «պոչ խաղացնել» միջազգային արենայում՝ ձգտելով Ամերիկային եւ Եվրոպային ներքաշել Ռուսաստանի հետ իր հակամարտության մեջ՝ նույնիսկ Երրորդ աշխարհամարտի բռնկման սպառնալիքով:
Բոլորը խոսում են Մինսկի համաձայնության մասին՝ որպես ճանապարհային քարտեզ խաղաղության համար, բայց ո՛չ Բրյուսելը, ո՛չ Վաշինգտոնը չեն քննադատում Զելենսկուն, երբ նա բացահայտորեն այս համաձայնագրերի վերանայում է պահանջում: Նա նաեւ առաջ է մղում «Ղրիմի պլատֆորմի» գագաթնաժողովի հարցը: Նպատակը Ռուսաստանի վրա միջազգային ճնշման ուժգնացումն է եւ, ի վերջո, Ռուսաստանին ստիպելը, որ հրաժարվի թերակղզուց, նույնիսկ երբ, ըստ բոլոր հարցումների, Ղրիմի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ցանկանում է լինել Ռուսաստանի կազմում:
Փաստորեն, դարեր շարունակ Ղրիմը ցարական Ռուսաստանի կայսրության, հետագայում՝ ԽՍՀՄ-ի ժամանակ, Ռուսաստանի մաս էր կազմում: Խորհրդային ղեկավար Նիկիտա Խրուշչովը այն որպես նվեր է փոխանցել Ուկրաինային 1954-ին Ռուսաստանի հետ Ուկրաինայի միավորման 300-ամյակի առթիվ: Այդ ժամանակ ոչ ոք չհարցրեց Ղրիմի ժողովրդի կարծիքը: Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը հետեւում էր թագավորների ու ցարերի ֆեոդալական կանոններին, որ բոլոր հողերը պատկանում են միապետներին, որոնք կարող էին այն տալ ում ցանկանան՝ բոլոր ճորտերով, բատրակներով ու ստրուկներով հանդերձ:
Հետեւաբար Մինսկի այս պլատֆորմը անօգուտ աշխատանք է, քանի որ Ղրիմը կարմիր գիծ է, որը Ռուսաստանը երբեք թույլ չի տա հատել: Բրիտանական HMS Defender կործանիչին Ղրիմի ջրերում հետապնդելն այս փաստի պարզ ապացույցն է: Արդյո՞ք ամերիկացիները ցանկանում են պայքարել Ռուսաստանի դեմ՝ Ղրիմի համար:
Ուկրաինայում այլ արկածախնդիր ուժեր միջուկային զենք արտադրելու կոչ են անում: Նրանք շանտաժի են ենթարկում ՆԱՏՕ-ի երկրներին, որոնք հետաձգում են Ուկրաինայի մուտքը այս կազմակերպություն՝ սպառնալով, որ Կիեւը կարող է «մտածել նաեւ իր միջուկային կարգավիճակի մասին»: Այնպես որ, մենք շուտով կարող ենք կանգնել մեկ այլ հրեշի առջեւ՝ թալիբների նման կամ ավելի վատ:
Թալիբները, եկեք չմոռանանք, ստեղծվել են ԱՄՆ-ի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ, որպես ջիհադ «Սովետի» դեմ, բայց հետո նրանք շրջվեցին ԱՄՆ-ի դեմ: Աֆղանստանում քսան տարվա պատերազմի ավերիչ եւ մեծապես ամոթալի արդյունքները դրա ցուցադրումն էին:
Նման մի բան է ընթանում Ուկրաինայում` նեոնացիզմի մեծացող ազդեցությամբ եւ ուկրաինական տարածքում ամերիկյան զինծառայողների եւ սարքավորումների աճող քանակով։ Այս դեպքում Ռուսաստանի հետ հավանական հակամարտությունը կարող է արագ վերածվել լայնածավալ պատերազմի:
Երբ Բայդենը հանդիպի Զելենսկու հետ, նա պետք է ասի, որ ԱՄՆ-ին եւս մեկ պոտենցիալ ինքնասպան պատերազմի մեջ ներքաշել փորձելու փոխարեն Ուկրաինան պետք է հավատարիմ մնա Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, թողնի ՆԱՏՕ-ին միանալու իր ձգտումները եւ սկսի տնտեսական եւ անվտանգային լայնամասշտաբ բանակցություններ Ռուսաստանի հետ:
Սա կլինի լավագույն ընտրությունը ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Ուկրաինայի համար, բայց չի իրականանա, քանի որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն իրականում կառավարող «գաղտնի գործակալությունները» Բայդենին թույլ չեն տա դա անել: Եկեք կապենք ամրագոտիները: Մենք կարող ենք հայտնվել գլխապտույտ իրադարձությունների հորձանուտում:
Պատրաստեց Կարինե Դավոյանը