Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան: Վլադիմիր Պուտինի հետ 4 ժամ տեւած հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը, Ուկրաինայի հիմնախնդրին, Աֆղանստանի, Սիրիայի հակամարտություններին վերաբերող եւ միջազգային հրատապ այլ թեմաներ:
Անգելա Մերկելն ու Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են լրջորեն համագործակցել Աֆղանստանի հարցով, իսկ Դոնբասի հարցը շարունակել քննարկել «Նորմանդական ձեւաչափով» (չորս երկրների՝ Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի ղեկավարների խմբով):
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Անգելա Մերկելը Պուտինի հետ հանդիպմանը պահանջել է ազատ արձակել Ալեքսանդր Նավալնիին՝ նրա թունավորումից մեկ տարի անց՝ ընդգծելով, որ Գերմանիան հետեւողական է այդ հարցում: Պուտինը, ինչպես միշտ չտալով Նավալնիի անունը, նշել է, թե Մերկելի նշած անձը ձերբակալվել է ոչ թե իր քաղաքական հայացքների, այլ քրեական իրավախտումների համար:
Հիշեցնենք, որ Նավալնին Մերկելի հյուրի կարգավիճակով Գերմանիա էր մեկնել բուժվելու, իսկ այնտեղից ՌԴ վերադառնալով՝ անմիջապես ձերբակալվել էր:
Փակ ձեւաչափով հանդիպումից առաջ Պուտինն ընդգծել է, որ Գերմանիան Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում Ռուսաստանի հիմնական ու վստահելի գործընկերներից է, երկրորդը Չինաստանից հետո, եւ այդ հարցում մեծ նշանակություն ունի Մերկելի ներդրումը:
Անգելա Մերկելն իր հերթին շեշտել է, որ տարաձայնություններով հանդերձ՝ Գերմանիան միշտ ձգտում է երկխոսելու Ռուսաստանի հետ:
Կանցլերի պաշտոնում Մերկելի այսօրվա այցը Ռուսաստան 20-րդն ու վերջինն է 16 տարվա աշխատանքի ընթացքում: Մերկելն ավարտում է պաշտոնավարումը: Սեպտեմբերի 26-ին Գերմանիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Մերկելը դեռ 2018-ին հայտնել է, որ չի մասնակցի Բունդեսթագի ընտրություններին եւ կանցլերի պաշտոնում չի առաջադրվի:
Վերջին անգամ Պուտինն ու Մերկելը անձամբ հանդիպել են 2020-ի հունվարի 19-ին Բեռլինում՝ Լիբիայի խնդրի շուրջ միջազգային քննարկումների ժամանակ, իսկ Ռուսաստան կանցլերն այցելել է 2020-ի հունվարի 11-ին:
Մոսկվայից Անգելա Մերկելը կուղեւորվի Կիեւ՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: