Հանրապետական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինն ԱՄՆ Կոնգրեսին առաջարկել է նախագահ Ջո Բայդենին միանգամից երեք իմպիչմենտ հայտարարել:
Կոնգրեսական Գրինը նշել է, որ Կոնգրեսի քննարկմանը ներկայացված բանաձեւի նախագծերից մեկը նախատեսում է Բայդենին իշխանությունից հեռացնել այն բանի համար, որ նա 10 հազար ամերիկացիներին թողել է աֆղանական «Թալիբան» շարժման իշխանության տակ:
Բացի դրանից, ըստ Գրինի՝ ԱՄՆ նախագահը խախտել է ներգաղթի օրենսդրությունը՝ երկրի հարավային սահմանը ճգնաժամի հասցնելով:
Կոնգրեսականի կարծիքով ՝ Բայդենն իրեն օրենսդրական լիազորություններ է շնորհել Գերագույն դատարանի դիրքորոշմանը հակառակ՝ երկարաձգելով բնակարանային վարձակալների վտարման մորատորիումը:
«Ջո Բայդենի նախագահության յոթ կարճ ամիսների ընթացքում Ամերիկան կորցրել է ամբողջ աշխարհի հարգանքը։ Ապացույցներն ակնհայտ են, իսկ նրա գործողություններն այնքան աղաղակող են, որ անհրաժեշտ է իմպիչմենտ հայտարարել»,- ասել է Թեյլոր Գրինը։
Կոնգրեսականի նախաձեռնությունը հաջողության քիչ շանսեր ունի, քանի որ Կոնգրեսի երկու պալատները վերահսկում են նախագահ Ջո Բայդենի համախոհները Դեմոկրատական կուսակցությունից։