Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ իր ընկերությունը մինչեւ 2022-ը կստեղծի մարդկային արտաքինով ռոբոտի մի նախատիպ՝ Tesla Bot, որը գուցե մի շարք ոլորտներում հաջողությամբ փոխարինի մարդկանց:
Մասնավորապես, ըստ Մասկի, 1,7 մետր բարձրություն եւ 8 կիլոմետր ժամ արագություն ունեցող Tesla Bot ռոբոտը կկատարի վտանգավոր, ինչպես նաեւ ձանձրալի, կրկնվող՝ միապաղաղ համարվող առաջադրանքներ, որոնցով հիմա ստիպված են զբաղվել մարդիկ:
Մարդանման ռոբոտը կզբաղվի մարդու չսիրած ֆիզիկական աշխատանքով: Tesla ընկերության AI Day միջոցառմանը Մասկն ընդգծել է, որ ռոբոտի կիրառումը էապես կանդրադառնա համաշխարհային տնտեսության վրա:
«Ապագայում ֆիզիկական աշխատանքը կդառնա ընտրովի: Ուզո՞ւմ եք աշխատել, խնդրեմ. միայն թե դրա անհրաժեշտությունն առանձնապես չկա»,- ասել է Իլոն Մասկը:
Մասկը նշել է, որ Tesla Bot ռոբոտի գլխի փոխարեն օգտակար տեղեկության էկրան կլինի: Ռոբոտը կհագեցվի նաեւ ավտոպիլոտային համակարգով, ութ տեսախցիկով եւ սովորական ավտոմեքենայի համար նախատեսված եւ ռոբոտի լիարժեք ինքնակառավարումն ապահովող պահեստամասերով:
«Մենք ռոբոտին այնպես ենք մշակել, որ թե՛ մեխանիկական, թե՛ ֆիզիկական մակարդակում հարկ եղած դեպքում հնարավոր լինի արագ ձերբազատվել դրանից: Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի, բայց ո՞վ իմանա»,- կատակել է Tesla-ի գործադիր տնօրենը: