Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Կազանում բացվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի «Արվեստը հանուն կյանքի» աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ սեպտեմբերի 12-ը։
Ցուցահանդեսում ընդգրկված 100 ստեղծագործությունների՝ 83 գեղանկարների եւ 17 դեկորատիվ փայտե առարկաների մի մասը՝ ըստ ցուցահանդեսի կազմակերպիչների, հաջորդ տարի կվաճառվի աճուրդով, իսկ ստացված միջոցները կուղղվեն քաղցկեղից եւ գլխուղեղի ու ողնուղեղի այլ ծանր հիվանդություններից տառապող մանկահասակ հիվանդների բուժմանն ու վերականգնմանը։
Միաժամանակ անցկացվել է հատուկ ցուցահանդեսին ընդառաջ 10 հազար օրինակով թողարկված եւ Շոյգուի ստեղծագործությամբ պատկերազարդված փոստային բացիկների հանդիսավոր մարումը։
Աշխատանքները ցուցադրվում են Կազանի կրեմլում, «Խազինե» ազգային պատկերասրահում։ Ցուցանմուշները դիտելուց հետո կարելի է այցելել նաեւ Ռուսական աշխարհագրական ընկերության (նախագահ՝ Սերգեյ Շոյգու) բաց դասախոսություններին։ Նախատեսվում է նաեւ թեմատիկ փաստագրական ֆիլմերի ցուցադրություն։
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը եւ Ռուսաստանի Աշխարհագրական ընկերության ակադեմիկոս Նիկոլայ Կասիմովը:
«Արվեստ հանուն կյանքի» ցուցահանդեսը կազմակերպվել է համանուն բարեգործական նախաձեռնության զարգացման համար: Նախաձեռնության շրջանակում մայիսի 14-ին անցկացված աճուրդից ստացված 40 միլիոն ռուբլուց արդեն ծախսվել է ավելի քան 10 միլիոնը, օգնություն է ստացել 23 երեխա: