Քաղաքապետարանի թույլտվությամբ Աջափնյակում՝ ֆիզիկայի ինստիտուտին հարակից բնակելի թաղամասում, 12 հարկանի շենք է կառուցվելու: «Ֆիզիկայի գորոդոկ»-ի տարածքի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում ընդդեմ շինարարության: Ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջեւ քաշքշուկ ու բախումներ են տեղի ունեցել: Այսօր ցույցի մասնակիցներից չորսին բերման են ենթարկել, մի քանի ցուցարար վնասվել է։ Երեկ եւս բերման ենթարկվածներ են եղել: Իրավիճակը շարունակում է լարված մնալ։
ՀՀ ՄԻՊ-ը հայտնել է, որ Երեւանի Աջափնյակ համայնքում (Ֆիզգորոդոկ) տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժին: Առանձնազրույցներ տեղի կունենան բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը: Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: