Միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով աֆղանստանցի լրագրողների տարհանման հատուկ ծրագիր մշակել:
Կազմակերպության ղեկավար Քրիստոֆ Դելուարը նշել է, որ տասնյակ խնդրանքներ են ստանում հրատապ տարհանման վերաբերյալ: Նա ընդգծել է, որ խնդիրը ոչ թե լրագրողների համար վիզաներ ստանալը կամ նրանց համար ինքնաթիռում տեղ գտնելն է, այլ նրանց հասանելիությունն այդ ինքնաթիռներին: Բարձրացվել է նաեւ իրավապաշտպաններին տարհանելու հարցը:
«Լրագրողներ առանց սահմանների»-ն առաջարկել է հումանիտար միջանցք եւ գոտիներ ստեղծել, որտեղ լրագրողներն ու իրավապաշտպաններն անվտանգ կլինեն:
Միջազգային կազմակերպությունը Բայդենին խնդրել է Աֆղանստանում ԱՄՆ զորքերի գտնվելու ժամկետները երկարաձգել՝ նման քայլեր ձեռնարկելու նպատակով:
«Նախանշված ժամկետում՝ մինչեւ օգոստոսի 31-ը, հնարավոր չէ ավարտել վտանգված անձանց, մասնավորապես աֆղանստանցի լրագրողների տարհանումը: Իրադարձությունների հետագա ընթացքից է կախված ԱՄՆ կերպարը՝ որպես մամուլի եւ մարդու իրավունքների պաշտպան»,- հայտարարել է Քրիստոֆ Դելուարը: