Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ուսումնասիրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ օգոստոսի 14-ի հարցազրույցը «CNN Türk»-ին եւ օգոստոսի 16-ին Քարվաճառ ու Բերձոր նրա այցերի ելույթները, առանձնացրել այն հատվածները, որոնք հայատյացություն ու թշնամանք են պարունակում։
Այդ հատվածները ՄԻՊ-ը հայերեն ու անգլերեն տարբերակներով ուղարկել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, գործադիր իշխանության եւ իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ հասարակական կազմակերպություններին:
ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ այդ ելույթներով գեներացվում է ատելություն ամբողջ հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի բնակչության նկատմամբ, դրանցով տրվում են սպառնալիքներ, արվում են վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ: Այդ ելույթները խաթարում են խաղաղությունը: Իսկ հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, դրանց թվում՝ գլխատումների, խոշտանգումների ու սպանությունների փաստերը վկայում են, որ ադրբեջանական զինված ուժերը դրանք իրականացրել են՝ ոգեշնչված լինելով հենց իրենց գերագույն գլխավոր հրամանատարից։
Արման Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանական նման քաղաքականության ուղիղ հետեւանքն են ներկայում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների զանգվածային խախտումները (կրակոցներ գյուղերի ուղղությամբ, սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, գողություններ եւ այլն):
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես իրականացնում է ադրբեջանական իշխանության մարմինների ուղերձների ու ելույթների ուսումնասիրություն՝ պետական բարձր հովանավորչությամբ թշնամանքի ու հայատյաց քաղաքականության ապացույցները փաստագրելու նպատակով: Ընդ որում, նյութերն առաջնահերթ ուսումնասիրվում են ադրբեջաներենով:
Այս ամենը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու, ոտնահարումները վերացնելու նպատակով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օգոստոսի 14-ին «CNN Türk»-ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ առանց Թուրքիայի Ադրբեջանը մեծ խնդիրներ կունենար պատերազմում եւ «անտրամաբանական» էր որակել ՌԴ-ի`Հայաստանին զենք մատակարարելու հայտարարությունները։ Օգոստոսի 17-ին էլ Ալիեւն այցելել էր Քարվաճառ (Քելբաջար) եւ այնտեղից սպառնացել Հայաստանին` խոստանալով Զանգեզուր «վերադարձնել» իր քաղաքացիներին։