Ֆիլմերը, ցուցահանդեսներն ու ներկայացումները դուրս են եկել կինոդահլիճներից, սրահներից ու բառիս բուն իմաստով տեղափոխվել փողոց: «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնը մինչեւ օգոստոսի 29-ը կապահովի շուրջօրյա բացօթյա ցուցադրություններ, քննարկումներ, վարպետության դասեր, համերգներ ու «առանց տոմսի» կինոդիտումներ:
Ոչ ֆորմալ մոտեցում ունեցող փառատոնի նպատակը հոգեւոր եւ մշակութային երկխոսության միջոցով մարդասիրական արժեքների տարածումն է: «Ֆրեսկո» 8-րդ փառատոնի մեկնարկը տրվել է Տավուշի մարզի Բերդավան համայնքում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգային ծրագրով: Օգոստոսի 20-ից էլ հանդիսավոր բացմամբ սկսվեցին փառատոնի երեւանյան միջոցառումները:
«Այս տարի, հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը, ամբողջ ծրագիրը մշակվել է մոտիվացնող արժեքների հիման վրա: Ընտրել ենք հույս, հավատ, սեր տարածող ֆիլմեր ու միջոցառումներ»,- նշում է փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը:
Շուրջ 120 երկրներից 4000-ից ավելի հայտ է ներկայացվել, սակայն մրցութային ծրագրում ներգրավվել է 83 ֆիլմ: Փառատոնին կարող են մասնակցել խաղարկային եւ վավերագրական, լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր, որոնք դատապարտում են պատերազմը, բռնությունը, խտրական մոտեցումները եւ քարոզում են խաղաղություն, հանդուրժողականություն, մարդասիրություն ու համամարդկային արժեքներ: «Ֆրեսկո» 2021-ի ֆիլմացանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Փառատոնը կինոդիտումների անցկացման տարբերվող մոտեցում ունի. փակ սրահների փոխարեն մարդաշատ վայրեր՝ այգիներ եւ եկեղեցիների բակեր: Երեւանում Աբովյան փողոցում գտնվող Ս. Աննա եւ Ս. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքն է դարձել ֆիլմերի դիտում-քննարկումների վայր: Քննարկումներին մասնակցում են ոչ միայն հեղինակները, այլեւ հոգեւորականներ, հոգեբաններ եւ ֆիլմում արծարծված խնդիրների հետ անմիջականորեն առնչվող մասնագետներ, ոլորտի պատասխանատուներ:
#FrescoLive խորագրով անցկացվում են նաեւ բացօթյա համերգներ: Փառատոնի շրջանակում «Երեք լարերի հանճարը»՝ Ալեքսեյ Արխիպովսկին, առաջին անգամ հանդես է եկել Հայաստանում: Նա նշել է՝ Հայաստան ժամանելու գլխավոր նպատակը մարդկանց հոգիները ջերմացնելն է:
«Պրոգրեսիվ» խորագիրը կրող համերգային ծրագրով ներկայացել է Վահան Արծրունին: Օգոստոսի 28-ին Հայաստանի երգի պետական թատրոնի համերգն է լինելու: Այս տարի ծրագրում թատերական ներկայացում եւս կա. օգոստոսի 27-ին տեղի կունենա «Անուշ» (Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն) բացօթյա ներկայացումը:
Փառատոնն առանձնակի կարևորում է նաեւ սոցիալական հատուկ խմբերի, հատկապես սահմանափակ կարողություն ունեցող անձանց հետ աշխատանքը: Հաշմանդամություն ունեցող անձինք ոչ միայն մասնակցում են բոլոր միջոցառումներին, այլեւ ակտիվորեն ներգրավված են կազմակերպչական աշխատանքներում: «Ռուսաստանի ազգային պարադելֆիկ կոմիտեի» գործադիր տնօրեն, անվասայլակներով սպորտային պարերի ֆեդերացիայի փոխնախագահ Նատալյա Կրելը սոցիալ-մշակութային գործիչների համար կանցկացնի «Մշակութային ինտեգրում» խորագրով դասընթաց:
«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աջակցությամբ: Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, ծրագրին եւ այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ֆրեսկո»-ի կայքէջում: