Իրանի օրենսդիր մարմինը շաբաթ օրվանից սկսել է քննարկել նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսիիի կառավարության կազմը։ Ըստ երկրի սահմանադրության՝ կառավարության կազմն ու նրա ներկայացրած ծրագիրը պետք է հաստատվեն օրենսդիր մարմնի՝ Մաջլեսի կողմից։ Իրանի կառավարության կազմում են նախագահը, նախագահի առաջին տեղակալը, նախագահի 10 տեղակալներ, աշխատակազմի ղեկավարը եւ 19 նախարարները։
Նախարարի յուրաքանչյուր թեկնածու առանձին ծրագիր է ներկայացնում պառլամենտին։ Արդյունքում, Մաջլեսի համապատասխան հանձնաժողովները քննարկում են ոչ միայն նախարարի անձի՝ պաշտոնին համապատասխանության հարցերը, այլեւ նրա ներկայացրած ծրագիրը։ Ծրագրերն այդ, որպես կանոն, շեշտադրում են «հեղափոխական արժեքներին» հավատարիմ լինելու ու այաթոլլլահ Խոմեյնիի գաղափարներից չհեռանալու նպատակներ։ Միայն թե «հեղափոխական արժեքներ» եզրը դեռեւս մեկնաբանությունների ու քննարկումների լայն դաշտի հնարավորություն է տալիս։
Մասնագիտական որակներից զատ պառլամենտում, որպես կանոն, քննում, քննարկում են նաեւ ապագա նախարարի հանրային կերպարը, հավատարմությունը կրոնին ու հեղափոխական արժեքներին։ Այս հատկանիշները քննարկման բուռն առարկա են դառնում կառավարության մյուս անդամների նշանակման պարագայում եւ կարող են հանրային ճնշման կամ Հոգեւոր առաջնորդի պահանջով հանգեցնել պաշտոնանկության։
Օրինակ՝ Իրանի նախկին նախագահներից Մահմուդ Ահմադինեժադի ներկայացրած կառավության կազմում փոխնախագահի պաշտոնում նշանակված Էսֆանդիար Ռահիմ Մաշայիի դեմ քննադատության մեծ ալիք էր բարձրացել։ Նրան քննադատում էին ոչ այն պատճառով, որ նա Ահմադինեժադի խնամին էր, ու նրա նշանակումը կարող էր նեպոտիզմ դիտվել, այլ որովհետեւ թեկնածու առաջադրվելուց տարիներ առաջ նա մի ելույթում ասել էր, թե որեւէ երկիր, այդ թվում Իսրայելը Իրանի թշնամին չէ: Այս պնդումն, ըստ Իրանի պահպանողականների, հակասում է Իրանի հեղափոխական գաղափարներին։
Երբ երկրի նախագահն ու պառլամենտի անդամների մեծամասնությունը տարբեր քաղաքական ճամբարներից են լինում, հավանականությունը, որ նախարարների թեկնածուների մի մասը չի հաստատվի, մեծանում է։ Այդ դեպքում նախագահը ստիպված է լինում նոր թեկնածուներ առաջադրել։ Թեեւ Ռաիսին պատկանում է պահպանողականների այն թեւին, որի ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում Մաջլեսում, ենթադրություն կա, սակայն, որ նրա առաջարկած նախարարի թեկնածուներից էլ երեք-չորսը կարող են չստանալ վստահության քվե՝ մասնագիտական անհամապատասխանության ու փորձառության պակասի պատճառով։
Ենթադրյալ «շեմը չհաղթահարողների» ցանկում է կրթության նախարարի թեկնածուն, որ նաեւ Ռաիսիի կնոջ բարեկամն է։ Ընդհանուր առմամբ, Ռաիսիի կառավարության թեկնածուները պահպանողականներ են. մի մասը՝ Մահմուդ Ահմադինեժադի կառավարությունում աշխատանքային փորձով, մյուսները՝ ԻՀՊԿ-ի կամ Հոգեւոր առաջնորդի հետ սերտ կապերով։
Կառավարության անդամների հավանական թեկնածուների ցանկը կազմելիս առանցքային նախարարությունների ղեկավարների անունները, ենթադրվում է, նախապես համաձայնեցվում են երկրի Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենիի հետ։ Այդ նախարարությունների թվին են պատկանում արտաքին գործերի նախարարությունը եւ մշակույթի ու իսլամական առաջնորդության նախարարությունը։
Արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրված է կադրային դիվանագետ, արտաքին գործերի նախարարներ Ալի Աքբար Սալեհիի ու Մոհամմադ Ջավադ Զարիֆի օրոք տեղակալ աշխատած (2011-2016) Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
Երբ Ռուհանիի կառավարության ձեւավորումից հետո Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշանակվեց ԱԳ նախարար, նա փոխեց նախարարության գրեթե ողջ ղեկավար կազմը։ «Նախկիններից» մնաց միայն հենց Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, եւ դա բացատրվում էր այն հանգամանքով, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թույլ չէր տալիս նրան հանել այդ պաշտոնից։ Այդ հաստիքում նա արաբական երկրների եւ Աֆրիկայի հարցերի պատասխանատուն էր։
Այս պաշտոնից Զարիֆը նրան պաշտոնանկ արեց 2016 թվականին միայն ու արժանացավ ԻՀՊԿ կոշտ քննադատությանը։ ԻՀՊԿ-ին մոտ կանգնած շրջանակները լուրեր տարածեցին անգամ, որ պաշտոնանկությունը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ցուցումով է եղել։ Աբդոլահիանը նաեւ Բահրեյնում Իրանի դեսպանն է եղել բավականին վտանգավոր ու լարված ժամանակաշրջանում (2007-2010), իսկ վերջին տարիներին Մաջլեսի խոսնակի՝ արտաքին հարցերով օգնականն էր։
Պառլամենտում լսումների ընթացքում նախարարի թեկնածուին հարցեր էին ուղղում ինչպես իր անցած ճանապարհի ու բացթողումների, այնպես էլ նոր պաշտոնում ապագա ծրագրերից։ Պատգամավորներից մեկն, օրինակ, նշեց, թե լավ չէ, որ թեկնածուն պառլամենտի խոսնակի օգնականի պաշտոնում քայլեր չի ձեռնարկել տնտեսական դիվանագիտությանը զարկ տալու, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների պառլամենտների միջեւ դիվանագիտական ավելի սերտ կապեր հաստատելու ուղղությամբ։ Մյուս պատգամավորները հետաքրքրվում էին՝ ինչպես է թեկնածուն պատկերացնում Իրանի համար այսքան բարդ ժամանակաշրջանում արտաքին քաղաքական խնդիրների լուծումը։
Ապագա նախարարը խոստացավ վարել բալանսավորված արտաքին քաղաքականություն՝ շեշտը դնելով տարածաշրջանի ու Ասիայի երկրների հետ հարաբերությունների վրա, օժանդակել «դիմադրության առանցքին» ու ԱԳՆ-ն չդարձնել Միջուկային ծրագրի կցորդը։ «Չլքել տրամաբանական որեւէ բանակցություն, բայց թույլ չտալ ԱԳՆ-ն կցել Միջուկային ծրագրին»,-պահպանողական հայացքներով հայտնի նախարարի թեկնածուի դիրքորոշումն է։ Աբդոլահիանը խոստացավ նաեւ ամեն ինչ անել պատժամիջոցների դերը նվազեցնելու եւ դրանք չեղարկելու ուղղությամբ։
Իրանի մշակույթի ու իսլամական առաջնորդության նախարարության ղեկավարի պաշտոնում առաջադրված է Մոհամադ Մեհդի Էսմաիլին։ Կրոնական կրթություն ու քաղաքագետի մասնագիտություն ստացած Էսմաիլին նախկինում աշխատել է որպես Ռաիսիի մշակութային հարցերով խորհրդական, երբ նա «Ասթան-է Ղոդս-է Ռազավի» հիմնադրամն էր ղեկավարում։ Էսմաիլին աշխատել է նաև պետական հեռարձակողի վերահսկող/գրաքննող մարմիններից մեկում։ Այս փորձառության ազդեցությամբ, հավանաբար, նախարարի թեկնածուն իր ապագա գործունեության 83 էջանոց ծրագրում մեծ մասամբ քննադատել ու «գրաքննել» է իր նախորդների աշխատանքը եւ մշակութային ոլորտում ստեղծված «հակահեղափոխական մթնոլորտը»:
Ծրագրում Էսմաիլիի արտահայտած մի շարք պնդումներն ու նպատակները հարուցել են մշակույթի ոլորտի գործիչների, հատկապես ֆիլմարտադրողների եւ ռեժիսորների, թատերական գործիչների մտահոգությունները։ Մասնավորապես, նախարարի թեկնածուն դատապարտելի է համարել այն հանգամանքը, որ ավելի ու ավելի շատ ֆիլմեր, որ արտադրվում են Իրանում, «կրում են արեւմտյան ազդեցություն եւ հեռանում են կրոնից»։
Փաստաթղթում նաեւ Իրանում արտադրված ֆիլմերի վիճակագրական թվեր են նշվում, ու շեշտադրվում այդ ֆիլմերի մեծամասնության այնպիսի «մտահոգիչ» հատկանիշներ, ինչպես «անպարկեշտ կանանց ցուցադրություն, արեւմտյան կենսաձեւի խրախուսում, իրանական հասարակության նսեմացում եւ օրինազանց գործունեության խրախուսում»։
Ըստ ծրագրի՝ թեկնածուն նույնպիսի կտրուկ վերաբերմունք ունի նաեւ մշակույթի մյուս ոլորտների, մասնավորապես երաժշտության, գրահրատարակության ու մամուլի հանդեպ։ Նախարարն առաջարկում է խիստ վերհսկողություն սահմանել «բարձիթողի» վիճակի նկատմամբ, ավելի խիստ հսկել օտարամոլ գրքերի, չարտոնված երաժշտական ժանրերի ու երաժիշտների գործունեության արգելքի հարցերը։ Պահպանողական կառավարության ուլտրապահպանողական այս թեկնածուն դժգոհության շատ մեծ ալիք է հարուցել երկրում․ ռեժիսորներից մեկն անգամ նրա աշխարհընկալումը թալիբների հետ է համեմատել։
Առաջիկա օրերին պառլամենտում շարունակվելու են քննարկումները, որոնց կհաջորդի կառավարության կազմի հաստատման քվեարկությունը։ Մինչ այդ իրանական հասարակությունը ծանոթանում է իր ապագա կառավարության՝ «հեղափոխական արժեքների» մասին ընկալումներին։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։