Հայկական բանակի օր նշվում է ամեն տարվա հունվարի 28-ը, քանի որ 1992 թվականի այդ օրը Հայաստանի կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը:
Իրականում, Հայկական բանակի ստեղծման ակունքները հասնում են մինչեւ 1990-ի օգոստոս, երբ Խորհրդային Հայաստանում իշխանության եկավ Հայոց համազգային շարժումը՝ մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելով կոմունիստներին:
Օգոստոսի 4-ին Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ՝ փաստացի դառնալով դեպի անկախություն շարժվող Խորհրդային Հայաստանի ղեկավարը: Օգոստոսի 13-ին Վազգեն Մանուկյանը դարձավ վարչապետ:
Օգոստոսի 21-ին Մանուկյանը ստորագրեց թիվ 411 հրամանագիրը՝ «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշումը ներքին գործերի նախարարությանն առընթեր հատուկ ստորաբաժանումներ ստեղծելու մասին»: Ընդ որում, ստորաբաժանումը ձեւավորվելու էր կամավորության սկզբունքով:
Որոշման մեջ մասնավորապես ասվում էր. «Ելնելով Գերագույն խորհրդի կողմից հռչակված նպատակից՝ սկսելու անկախ պետականություն հաստատելու գործընթացը, սահմանակից շրջանների պաշտպանության, խմբակային զինված հանցագործությունների դեմ պայքարի անհրաժեշտությունը… Նախարարների խորհուրդը որոշում է ստեղծել հանրապետության պաշտպանության եւ հասարակական կարգի պահպանության հատուկ ստորաբաժանումներ»:
Ավելի հստակ՝ դա Հատուկ գունդն էր, որի առաջնային խնդիրներից էր «սահմանամերձ շրջանների պաշտպանության եւ բնակչության անվտանգության ապահովումը»:
Հետագայում Վազգեն Մանուկյանը ասել է. «Որպես վարչապետ ես ստորագրեցի հրամանը` ստեղծել պաշտպանության կոմիտե, հրամանը կար, չէի հրապարակում, սպասում էի, որ հարմար պահ լինի, Մոսկվայի գլուխը ուրիշ բանով զբաղված լինի, որ այդ հրամանը տանենք առաջ առանց վտանգելու քաղաքական մեր իրավիճակը: Եվ դա հաջողվեց, ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն»:
Մի քանի օր անց՝ 1990-ի օգոստոսի 29-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ Հայոց ազգային բանակը՝ ՀԱԲ-ը, զինաթափ արվեց:
Վազգեն Մանուկյան. «Ոչ կարգավորված խմբերը միշտ մեծ վտանգ են ներկայացնում երկրի կայունության եւ պաշտպանության հարցում: Մեզ պետք էր բոլոր կռվող տղաներին մտցնել կառույցների մեջ: Հատուկ գնդի ձեւավորումը կարծես թե միակ հնարավոր լուծումն էր: Զինված ջոկատների տղաների մի մասը համաձայնվեցին մտնել այդ գնդի մեջ: Նույնիսկ ուրախացան, որովհետեւ նրանք ուզում էին ծառայել իրենց հայրենիքին, եւ դա օրինական ճանապարհ էր, կառավարության որոշումով իրենք զենք էին վերցնում իրենց ձեռքը եւ ծառայում հայրենիքին»:
Խորհրդային Հայաստանի ներքին գործերի նախարար (1990-1991) Կառլոս Ղազարյանն ասել է. «Ես մեկնեցի Մոսկվա, որպեսզի հիմնավորեմ Հատուկ գնդի ստեղծման նպատակը: Այն ժամանակ նախարարը Բակատինն էր:
Կառավարության որոշումը կար, բայց Մոսկվան դեռ կար, մենք պարտավոր էինք այդ հարցերը կարգավորել: Ես Հայաստանի ղեկավարությանը` Լեւոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վազգեն Մանուկյան, խնդրեցի, որ իմ բացակայության ժամանակ շքերթներ, ցուցադրական այլ բաներ չարվեն, որպեսզի ես Մոսկվային կարողանամ ապացուցել, որ գունդը հասարակական կարգի պահպանման նպատակով է ստեղծված: Բակատինը սեղանին դրեց թերթը եւ ասաց. «Դուք բանա՞կ եք ստեղծում»: Ասացի՝ ոչ, մենք ստեղծում ենք գունդ՝ հանցագործության դեմ պայքարը ուժեղացնելու նպատակով»:
Սեպտեմբերի 2-ին ստեղծվեց կազմավորման հիմնադիր խումբ Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ: Նա Գերագույն խորհրդում հանդես եկավ հայտարարությամբ եւ կոչ արեց անդամագրվել կառույցին: Սեպտեմբերի 3-ին առաջին զինվորագրվողները արդեն շարք էին կանգնել Գերագույն խորհրդի շենքի մոտակայքում: Երկու օրում գրվեց 1200 դիմում: Մանդատային հանձնաժողովը մինչեւ սեպտեմբերի 23-ը 2000-ից ընտրեց 800-ին:
Կառլոս Ղազարյան. «Դժվարություններ եղան, տղաներից շատերը չէին ուզում, որ գունդը լինի միլիցիայի` ՆԳՆ կազմում: Հետագայում նրանցից շատերը դարձան ՆԳՆ աշխատակիցներ: Սկզբում չէին ուզում հագուստ: Մենք միլիցիայի հագուստ չհագցրեցինք, այլ ներքին զորքերի: ՆԳՆ-ն երկու տեսակ հագուստ ուներ»:
Սեպտեմբերի 15-ին Կառլոս Ղազարյանը Վազգեն Սարգսյանի համաձայնությամբ Հատուկ գնդի հրամանատար նշանակեց Սերգեյ Առաքելյանին:
Սկզբնական շրջանում գունդը կազմված էր 26 վաշտից. մայրաքաղաքային վեց վաշտ, որոնք ընդգրկված էին առաջին եւ երկրորդ գումարտակներում, մեկ դեսանտային վաշտ եւ սահմանային հատուկ վաշտեր:
Սեպտեմբերի 24-ին գնդի կազմավորման ընթացքին ծանոթանալու համար հավաքակայան այցելեցին Լեւոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, հոգեւորականներ: Այդ օրը կայացավ զինվորական քայլերգով ուղեկցվող շքերթ:
«Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան»,- երգելով անցնում էին Հատուկ գնդի ներկայացուցիչները:
Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ գնդի երդման հանդիսավոր արարողությունը: Ներկա էր նաեւ վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Սերգեյ Առաքելյան. «Առաջինը ես ընդունեցի երդում ամբողջ գնդի առաջ: Աստվածաշնչի վրա դնում էինք ձեռքը, մյուս ձեռքին բռնած կարդում երդման տեքստը, որից հետո ստորագրում»:
Գուրգեն Մելքոնյանը գնդի հրամանատարներից էր. «Հայկական բանակ էր ստեղծվում, հայերեն էինք երգում: Հրամանները տրվում էին հայերեն: Հուզմունքից բոլորը լաց էին լինում: Ովքեր համազգեստ ունեին, հատկապես մեծ մարդիկ, օձիքներ էին կարել: Սափրված էին: Կային որոշ մարդիկ, որոնք չէին ուզում մորուքներից հրաժարվել: Ֆիդայությունից դառնում էին զինվորական: Մեծ մասը երդվել էին, որ իրենք իրենց մորուքները կսափրեն այն ժամանակ, երբ Արցախը ազատագրված կլինի, կլինի մերը»:
Վազգեն Մանուկյանը ողջույնի խոսքում ասաց. «Այժմ մենք ունենք մեր հանրապետությունը: Այն դեռ լրիվ անկախ չէ: Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ եւ կհասնենք քաղաքական, տնտեսական անկախության: Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն եւ կվերադարձնենք մեր նախնիների փայլը»:
Այսպես դրվեց Հայկական բանակի հիմքը:
Դա այն բանակն էր, որ կերտեց Արցախյան առաջին հաղթանակը:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։