2016 թվականի հունիսի 24-ին ԱԻՆ-ը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարների խցանման հետեւանքով հեղեղվել էին քաղաքի գլխավոր փողոցները։ Վնասվել էր գլխավոր կամուրջը, անգամ տներ էին փլուզվել։ Տուժել էին մանկապարտեզներ, դպրոցներ, որտեղից փրկարարները դուրս էին բերել երեխաներին եւ աշխատակիցներին։
Պատճառը Արթիկի լքված քարհանքի տարիներով կուտակված թափոններն էին։ Ձնհալի ջրերը հանքում մնացած տարբեր չափերի քարերը մղել էին դեպի Արթիկջուր գետ, ինչի հետեւանքով էլ ջրերը դուրս էին եկել ու հեղեղել քաղաքը։
Որպեսզի Շիրակի մարզի երկրորդ քաղաքում՝ Արթիկում, մեղմվեր բնական աղետների ռիսկերն, ու ջրհեղեղներից քաղաքն ապահովագրվեր, հարկավոր էր բնական պատնեշներ՝ անտառային շերտեր ստեղծել։
Խնդրի խորքային լուծման նպատակով Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի (Adaptation Fund) ֆինանսավորմամբ 2019 թվականից մեկնարկել է «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների եւ ջրհեղեղների կառավարում» ծրագիրը: ՄԱԿ-ի ներդրումը 700 միլիոն դրամ է։ Ծրագրին աջակցում են նաեւ Հայաստանի կառավարությունը եւ Արթիկ համայնքը։
Շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Եսոյանը նշում է, որ ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի։
Ամենածավալուն աշխատանքը տարվում է քաղաքի հյուսիսարեւելյան հատվածում։ Արթիկի լքված քարհանքի տարածքում հիմնվում է 30 հեկտար անտառայգի եւ 10 հեկտար հանգստի գոտի։ Անցկացվում է 5000 մ երկարությամբ ոռոգման ցանց։
Տարածքը կհամալրվի գեղեցիկ եւ հարմարավետ տաղավարներով, 5000 քառակուսի մետր ճեմուղին էլ հաճելի հանգստի վայր կդառնա զբոսաշրջիկների եւ տեղի բնակիչների համար։ Ամբողջ տարածքում կլինեն 24 հազար ծառեր ու թփեր, որոնք լիակատար հարմարեցված են Հայաստանի հյուսիսի բնակլիմայական պայմաններին։
Այս պահին կատարվում են հողային աշխատանքներ՝ բլուրների հարթեցում, մեծ փոսերի հողալցում, ոռոգման ցանցի անցկացում, ջրհեղեղներից պաշտպանող բետոնե պատվարների կառուցում։
Շիրարարական աշխատանքներն իրականացնող «Մերձմոսկովյան» շինարարական ընկերությունում աշխատում են բազմաթիվ արթիկցիներ։ Լյովա Բաղդասարյանը հաճույքով է աշխատում իր քաղաքում։ Ասում է՝ ե՛ւ վաստակում է, ե՛ւ օգտակար գործ անում քաղաքի համար։ «Գոնե գիտենք՝ ինչի համար ենք չարչարվում, քաղաքը կգեղեցկանա, մենք էլ ապահովագրված կլինենք ջրհեղեղից»։
Նախկինում ծրագրի շրջանակում Արթիկ, Հառիճ, Նահապետավան, Վարդաքար համայնքների տարածքներում շուրջ 500 հեկտար վարելահողերի, արոտավայրերի բարելավման աշխատանքներ են կատարվել։ Արթիկ քաղաքին տրամադրվել է 104 աղբաման, աղբահավաք նոր մեքենա։ Վարդաքարում հիմնվել է երկու հեկտար անտառ-պուրակ՝ 1075 տարատեսակ տնկիներով։ Ծրագիրը կհոգա նաեւ պուրակի հետագա խնամքի կազմակերպման հարցերը։
Արմեն Եսոյանը տեղեկացրեց նաեւ, որ մոտ ապագայում կվերանորոգվի Արթիկ քաղաքի օդերեւութաբանական կայանը։ «Տեղակայելու ենք մոնիթորինգի կայան, որը տարածաշրջանի բնակչությանը ավտոմատ կերպով տեղեկություններ կտա եղանակային կանխատեսումների վերաբերյալ»։
Հանգստի գոտին եւ այգին նախատեսված է շահագործման հանձնել 2022 թվականին։ Մինչեւ ընթացիկ տարվա ավարտը պատասխանատուները խոստանում են իրականացնել ծրագրով նախատեսված աշխատանքների մոտ 80 տոկոսը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։