Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնել են, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում խնդրել է աջակցել Ռուսաստանում պահվող ավելի քան 100 Ղրիմի թաթարների ազատ արձակման հարցում:
Էրդողանը հեռախոսազրույցում նշել է, որ «Ղրիմյան հարթակի» ստեղծման առաջին իսկ օրերից Թուրքիան աջակցել եւ աջակցելու է հարթակի աշխատանքներին: Նա Զելենսկուն շնորհավորել է Ուկրաինայի անկախության 30-ամյակի առթիվ եւ շնորհակալություն հայտնել ուկրաինացի փրկարարների եւ հրշեջների` Թուրքիայում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցելու համար:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն այսօր Կիեւում մասնակցելու է «Ղրիմյան հարթակի» առաջին հանդիպմանը: Չավուշօղլուն երեկ թվիթերյան գրառմամբ նշել է, որ արդեն մեկնարկել է իր այցը Ուկրաինա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել է, որ «Ղրիմյան հարթակի» համաժողովին տարբեր երկրների մասնակցությունը Ղրիմի թեմատիկային հավաքական Արեւմուտքի քաղաքականացված մոտեցման ապացույցն են դիտարկում: Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը կարձանագրի համաժողովի մասնակից պետությունների դիրքորոշումը եւ համապատասխան եզրահանգումներ կանի:
Վլադիմիր Զելենսկին «Ղրիմյան հարթակի» ստեղծման մասին հայտարարել է նախորդ տարվա սեպտեմբերին: Հարթակի նպատակը, ըստ պաշտոնական Կիեւի, Ղրիմը Ուկրաինայի կազմ վերադարձնելուն ուղղված միջազգային ջանքերի համակարգումն է: