Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ղեկավար Ալեքսանդր Միխեեւը հայտնել է, որ Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներս Թուրքիայի հետ պայմանագիր կնքել «S-400» զենիթահրթիռային համալիրների լրացուցիչ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ:
Մինչ այդ Անկարան 2,5 միլիարդ դոլար արժողությամբ զենիթահրթիռային այդ համակարգերի չորս դիվիզիոն էր գնել։
Միխեեւը նշել է, որ խորհրդակցությունները շարունակվում են, արդեն վերջնական փուլում են, եւ մոտ ապագայում կսկսեն գործընկերների հետ պայմանագրի ձեւակերպումն ու ստորագրումը:
Թուրքիայի արեւմտյան դաշնակիցները դեմ են այս գործարքին, Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի համար խնդրահարույց է ռուսական զինատեսակների ներդրումը ՆԱՏՕ-ի անդամ երկրում։
ԱՄՆ-ը անցած տարվա վերջին բազմաթիվ զգուշացումներից հետո պատժամիջոցներ սահմանեց Անկարայի նկատմամբ: Այդուհանդերձ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պնդում է, թե մտադիր չէ հրաժարվելու ռուսական հրթիռներից: