Երեւան-Երասխ երթուղին օգոստոսի 23-ից սպասարկելու է ժամանակակից էլեկտրագնացքը: Ըստ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայության՝
այսուհետ երթուղում կգործի ԷՊ2Դ նոր տիպի չորս էլեկտրագնացքներից մեկը, որը կփոխարինի հին ԷՌ-2 էլեկտրագնացքին։
Էլեկտրագնացքի ժամանակացույցը փոփոխության չի ենթարկվել. Երեւանից էլեկտրագնացքը մեկնում է ամեն օր` 19:00-ին, իսկ Երասխից` 6:30-ին: ՀԿԵ-ի սակագնային քաղաքականության շրջանակում ուղեվարձը փոքր-ինչ թանկացել է: Երեւանից Զոդ կայարան տոմսի գինը բարձրացել է մինչեւ 350 դրամ (նախկին 300-ի փոխարեն), իսկ Սուրենավան, Արմաշ եւ Երասխ տոմսերի գինը` մինչեւ 700 դրամ (նախկինում` 600 դրամ):
ՀԿԵ մամուլի ծառայությունից հայտնել են նաեւ, որ ուղեւորների առողջության անվտանգությունն ապահովելու եւ կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար խստացվել են երկաթուղային կայաններում, միջազգային գնացքներում եւ քաղաքամերձ էլեկտրագնացքներում գործող սահմանափակումները:
Երկաթուղային կայարանների տարածք եւ գնացքների վագոններ մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներ դնող ուղեւորների համար: «Ընկերությունը հորդորում է աշխատողներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Քաղաքացիների հետ աշխատող գրեթե ամբողջ անձնակազմն արդեն պատվաստվել է»,- ընդգծված է հաղորդագրության մեջ: