«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի տնօրեն Նունե Սարգսյանը եւ «Լրագրողների ասպարեզ ակումբ»-ի նախագահ Լեւոն Բարսեղյանն այսօր հանդիպել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:
ՀՀ ԱԺ-ից հայտնել են, որ հանդիպումն իրականացել է լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների նախաձեռնությամբ: Քննարկվել են հուլիսի 30-ին փոփոխված՝ Ազգային Ժողովի նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոններում լրագրողների տեղաշարժին վերաբերող նորմերը, որոնց համաձայն՝ պահպանվող օբյեկտի հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ: Խոսքը ՀՀ ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատակիցների աշխատասենյակներ տանող միջանցքների մասին է:
Ըստ ԱԺ տարածած հաղոդագրության՝ ի պատասխան այն հարցին, որ կանոնակարգումը կարող է խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությանը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ դրանց բնույթը բացառապես անվտանգության նորմերից է բխում: Նա հավաստիացրել է, որ աշխատանքներ են տարվում լրագրողների գործունեությունն ԱԺ-ում առավել բարենպաստ դարձնելու համար՝ որպես օրինակ բերելով տեղեկատվական ցանկացած առիթի դեպքում համապատասխան բանախոսների ապահովումը:
Սիմոնյանը նշել է ամեն ամիս ճեպազրույց ունենալու հանձնառության մասին: