Հայոց պատմության դասագրքերում այդպես է ասվում Զեյթունի առաջին, երկրորդ, Սասունի ապստամբությունների մասին։ Եվ եթե այս «տրամաբանությամբ» առաջնորդվելու լինենք, կստացվի, որ թեեւ ռուսական բանակի միջոցով Արեւմտյան Հայաստանը գրավելու եւ անկախ կամ ինքնավար պետություն ստեղծելու ծրագիրը տապալվեց, մեկուկես միլիոն հայ հայրենազրկվեց, բայց Հայկական հարցը միջազգային ավելի լայն քննարկումների փուլ մտավ եւ առայսօր էլ մնում է օրակարգային։
Երկու տասնյակից ավելի պետություններ ճանաչել են ցեղասպանությունը։ Վերջերս էլ ԱՄՆ նախագահն օգտագործեց «ջենոսայդ» բառը: Ցինի՞կ է հնչում: Այդպես մեր ազգային զգացմունքները տրորվո՞ւմ են:
2018-ի հունիսին Սիվիլնեթին տված հարցազրույցում համարձակվեցի ասել (տագնապի զգացողություն ունեի), որ սխալ է ֆենոմենալիզացնել Արցախը, դարձնել սրբապատկեր, որ այդպես մեռածների մասին են խոսում՝ կա՛մ լավ, կա՛մ ոչինչ:
Մենք մեր ամբողջ պատմությանն ենք վերաբերվում որպես սրբապատկերի: Այնքան, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո հայ երիտասարդ քաղաքագետը պաշտամունք է սնուցում առ Խանասորի արշավանք եւ դրա կազմակերպիչ Նիկոլ Դուման: Ուղիղ երեսուն տարի առաջ մեծ Հրանտ Մաթեւոսյանը տեսել էր, որ մենք «մնացել ենք Սասունի լեռներում»: Ավելի վաղ շրջանի մի հարցազրույցում էլ մարգարեացել էր, որ գալիք պատերազմներում «մարշալներին կփոխարինեն հաշվիչ մեքենաները»:
Մեկ տարի առաջ տեսանք, եւ թուրքական «Բայրաքդարներից» սարսափը դեռ հաղթահարված չէ: Վաղն ի՞նչ զինատեսակներ են մարտական հերթապահության կանգնելու՝ գիտեն հզոր տերությունների կոնստրուկտորական բյուրոներում, հետախուզական ծառայություններում, բանակի «ուղեղային կենտրոններում»: Եվ այս համապատկերում երիտասարդ հայ քաղաքագետի կամ արցախցի պարմանուհիների ուխտագնացությունը Ծաղկաշեն, որտեղ զուտ կոմերցիոն նկատառումներով Նիկոլ Դումանի տուն-թանգարան է բացվել, տրագիկոմիկական անախրոնիզմ չէ՞:
Նժդեհի օրերում կարելի էր մի քանի տակառ վառորդ պայթեցնել, Բիչանակի նեղ լեռնանցքում փակել թշնամու ճանապարհը, առնել նրան երկու գնդացրի ճարճատյունի աքցանի մեջ եւ հաղթանակ տոնել: Նժդեհի օրերում Սյունիքի լեռներն ապահովություն էին ոչ միայն հոգեբանորեն, այլեւ ռազմական նշանակությամբ: Մի որոշակի իմաստով այդպես էր նաեւ ղարաբաղյան առաջին պատերազմում: Բայց երբ թշնամին քեզ հետախուզում է արբանյակով, եւ հրետանու կրակն ուղղորդում են հաշվիչ սարքերը, հայրենի լեռներն ու անտառները կորցնում են պաշտպանական նշանակությունը:
Նժդեհի օրերում սյունեցի զինվորը կարող էր մի ժայռի թիկունքում պատսպարվել, որովհետեւ գերմանական «Մաուզեր» հրացանի գնդակը որձաքար խոցել չէր կարող: Անցյալ հոկտեմբերի սկզբին թշնամին Ստեփանակերտին հարվածել էր հեռահար հրթիռով: Առաջին պատերազմի հաշմանդամ մի տղամարդ, որ դեռ տաքսի վարելու քաջություն ուներ, հեռախոսով նկարել էր ավերածությունը: Նա անընդհատ նույն բանն էր ասում. «Սրա դեմ ի՞նչ անես»: Հրթիռը տասնյոթ մետր երկարության, հինգ մետր լայնության եւ երեք մետր խորության «հետք» էր թողել, օդային ալիքը տաշեղակտորների էր վերածել հարակից մի քանի տուն:
Իսկ դու ասում ես՝ Խանասորի արշավանք, Նիկոլ Դուման: Դու շարունակում ես փայփայել այն կպչուն հույսը, որ Սասունում կարելի էր «ոչ թե այնպես, այլ այսպես անել», եւ հիմա Արեւմտյան Հայաստան կունենայինք, մեծ Հայրենիք՝ Տրապիզոնից մինչեւ Կուր-արաքսյան «միջագետք» եւ Խոյից Բորչալու: Ի՞նչ է մեզ տալիս այդ երազապաշտությունը:
«Բասարքեչարի» թեմայով Իլհամ Ալիեւին պատասխանել է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Այդպես կարող էի ինքս էլ արտահայտվել։ Միջին վիճակագրական ցանկացած հայի համար դժվար չէ ասել, որ Ադրբեջան պետություն չի եղել, այդ տարածքները բուն հայկական են, ինչպես նաեւ բոլոր տեղանունները:
Ակադեմիկոսի պատասխանը պետք է լինի հիմնավոր, փաստարկված, եթե ոչ գիտականորեն լիովին ապացուցված, ապա առնվազն քննարկելի-բանավիճային: Իսկ դա պետք է արվի տքնաջան աշխատանքով: Պետք է կարողանալ ճեղքել տեղեկատվական շրջափակումը, միջազգային հեղինակավոր հանդեսներում տպագրվել, մասնակցել գիտաժողովների կամ այդպիսիք կազմակերպել Երեւանում, Ստեփանակերտում:
Ադրբեջանը վերջին քսան-քսանհինգ տարիներին տեղեկատվական լուրջ էքսպանսիա է իրականացրել եւ շարունակում է գրոհը: Եվ ինչպես հայկական բանակի զինանոցն է մնացել անցյալ դարավերջի սպառազինությունների հույսին, այդպես էլ հնացել է հայ պատմագիտությունը: Մեր քաղաքական միտքը ՀՅԴ պատմության հեղինակ Միքայել Վարանդյանի մակարդակը չի գերազանցել, իսկ միջազգայնագետների համար ուսումնական ձեռնարկ է մնում ԼՂ հիմնախնդրի մասին Յուրի Բարսեղովի հեղինակած աշխատությունը:
Օրերս պատահական իմացա, որ Ահմետ Դավութօղլուն 2001-ին հեղինակել է 21-րդ դարասկզբի թուրքական արտաքին քաղաքականության «հանգանակը»։ Ռուսերեն վերնագիրն է՝ Стратегическая глубина: Ֆեյսբուքյան մի քանի ընկերոջ, որ հայտնի են որպես քաղաքագետ, վերլուծաբան եւ մեկնաբան, հարցրի՝ ոչ ոք Դավութօղլուի գրքին ծանոթ չէր: Փոքրիկ որոնում եւ պարզվեց, որ МГИМО-ն հատուկ հեղինակային խումբ է ստեղծել, որ Դավութօղլուի դոկտրինան ենթարկի հանգամանալի վերլուծության՝ Ռուսաստանի համար հավանական մարտահրավերների կանխատեսումներով:
Բայց ո՞վ է Դավութօղլուն, որ նրա գիրքը վերլուծելու վրա մենք ժամանակ ծախսենք: Չէ՞ որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մարգարեանում է, որ ԼՂ հարցում ամեն ինչ կորած չէ:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։