ԱՄՆ-ը անվճար այլ երկրներ է ուղարկել կորոնավիրուսի դեմ շուրջ 110 միլիոն չափաքանակ պատվաստանյութեր, որոնցից 23 միլիոնը՝ Հարավ-արեւելյան Ասիայի պետություններ:
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, օգոստոսի 24-ին Սինգապուրում հանդես գալով Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերաբերյալ Վաշինգտոնի հայացքների մասին զեկույցով, նշել է նաեւ, որ Միացյալ Նահանգները ձգտում է առողջապահության համաշխարհային համակարգի ամրապնդմանը, միաժամանակ փորձում կանխել նոր վիրուսների հայտնվելը։
Նա ընդգծել է, որ կորոնավիրուսի համավարակը համապարփակ, սահմաններ չճանաչող խնդիր է։
«Երբ նախագահ Բայդենը եւ ես զբաղեցրեցինք մեր պաշտոնները, վճռեցինք, որ պետք է պատվաստել ոչ միայն մեր երկրի բնակիչներին, այլեւ պետք է ստեղծել անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութերի պաշարներ ամբողջ աշխարհի համար»,- հայտարարել է Հարիսը: