ՄԱԿ-ը շաբաթավերջին Աֆղանստանից իր եւս 120 աշխատակիցների է տարհանել Ղազախստան: ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ տարհանվածների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցներ եւ Աֆղանստանում ՄԱԿ-ի գործընկեր մի քանի ոչ կառավարական կազմակերպությունների անդամներ:
Դա երկրորդ նման ավիաչվերթն է վերջին շաբաթվա ընթացքում: Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի շուրջ հարյուր աշխատակիցներ Քաբուլից մեկնել են Ալմաթի՝ աշխատանքը հեռավար ռեժիմով շարունակելու նպատակով:
«Թալիբան»-ի հարձակումից առաջ Աֆղանստանում ՄԱԿ-ի տարբեր ներկայացուցչություններում աշխատում էին մոտ 3000 տեղացի եւ ավելի քան 700 օտարերկրացի:
Դյուժարիկը հայտնել է նաեւ, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հրավիրվել է մասնակցելու Աֆղանստանի հարցով Մեծ յոթնյակի հեռավար գագաթնաժողովին:
Դյուժարիկն ընդգծել է, որ գագաթնաժողովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը միասնության կոչ կանի հանուն Աֆղանստանի ժողովրդի շահերի:
Նա նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է Աֆղանստանում, մասնավորապես Փանջշերի կիրճի շրջանում նոր մարտերի մասին հայտարարություններով:
«Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը երեկ հայտարարել է, որ պաշարել են Քաբուլից հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերի նահանգում տեղակայված դիմադրության ուժերին: Փանջշերը թալիբների վերահսկողությունից դուրս մնացած միակ նահանգ է։
Աֆղանական դաշտային հրամանատար, Աֆղանստանի պաշտպանության նախարար Ահմադ Մասուդը հայտարարել է, որ նահանգի բնակիչները պատրաստ են պաշտպանության եւ չեն հանձնելու Փանջշերը։ Մասուդի հրամանատարության տակ են նաեւ երկրի այլ շրջաններից ժամանած զինվորականներ ու հատուկ ստորաբաժանումների մարտիկներ: Գեներալ Աբդուլ Ռաշիդ Դուստումի գլխավորությամբ ավելի վաղ զինված կազմավորումներ՝ մոտ 10 հազար մարտիկներ են շարժվել Փանջշեր՝ թալիբներին դիմադրություն ցույց տալու համար։