Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնել է, որ թուրքական ուժերն այս պահի դրությամբ Աֆղանստանից տարհանել են ընդհանուր առմամբ 1404 մարդու, որոնցից 1061-ը Թուրքիայի քաղաքացիներ են։
Չավուշօղլուն հավելել է, որ Աֆղանստանից վերադառնալ է ցանկանում Թուրքիայի եւս 200 քաղաքացի։
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ ապաստան տրամադրել աֆղանստանցի փախստականներին։
«Մենք նախապես հայտնել էինք, որ Թուրքիան այս նպատակով վիզաներ չի տրամադրի։ Լրատվամիջոցներում այս թեմայով բոլոր հրապարակումները իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ Աֆղանստանում Բրիտանիայի համար աշխատող որոշ աֆղանստանցիներ մինչեւ վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպումը կսպասեն երրորդ երկրներում, որտեղ հատուկ այդ նպատակով կենտրոններ կստեղծվեն։ Ուոլեսը այս համատեքստում մասնավորապես նշել էր Թուրքիան ու Պակիստանը, որտեղ, ըստ նրա, աֆղանստանցի փախստականների համար նման կենտրոններ են նախատեսվում։
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն էլ հայտարարել է, որ իրենք ի վիճակի չեն Աֆղանստանից ընդունելու նույնիսկ մեկ փախստականի։
Էրդողանի պես նա եւս պնդել է, որ Թուրքիան կացարան չէ աֆղանստանցի փախստականների համար։ Միաժամանակ Չելիքը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներգրավված է Աֆղանստանի հարցի շուրջ քննարկումներում, նա Աֆղանստանի հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ու Գերմանիայի ղեկավարների հետ։
Վերջին շաբաթներին հազարավոր աֆղանստանցիներ տարբեր ճանապարհներով արդեն հատել են Թուրքիայի սահմանը: