Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիեւը կրկին պնդել է, թե Բաքուն վերջին պատերազմում վերականգնել է տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ օգտվելով պաշտպանության իր իրավունքից։
«Մենք մեր ուժերով ենք իրագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը Ղարաբաղի հարցով»,- ասել է Իլհամ Ալիեւը Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեեւայի հետ հանդիպմանը։
Ադրբեջանի նախագահը նկատել է, թե պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք միաժամանակ նաեւ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, Հայաստանին հարկադրեին դուրս բերելու զորքերը Լեռնային Ղարաբաղից։
Ալիեւը նշել է, թե այդ բանաձեւերը հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին ընդունել, եւ դրանք իրագործելու մանդատ ունեին։
«Սակայն, ցավոք, 28 տարում Մինսկի խումբը բազմաթիվ հնարավորություններ է բաց թողել»,- ասել է Ալիեւը՝ պնդելով, թե բանակցությունների ընթացքում համանախագահ երկրներից քանիցս պահանջել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։