ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է՝ նախորդ տարվա ընթացքում ՄԻՊ-ին հասցեագրված բողոքները վկայում են, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու հարցում մարդիկ բախվում են խնդիրների: Մասնավորապես, մարտական գործողությունների մասնակիցներին վկայականի փոխարեն տեղեկանք են տրամադրել՝ դրանից բխող բոլոր իրավական հետեւանքներով:
Պաշտպանը նշել է, որ անհրաժեշտ է լուծել 2016-ի եւ 2020-ի մարտական գործողությունների մասնակիցների կարգավիճակի հարցերը:
Օրենսդրական ականի հետցնցումները
Արման Թաթոյանն արձանագրել է, որ գործող օրենսդրությամբ մարտական գործողության մասնակցի կարգավիճակ հնարավոր է տրամադրել բացառապես 1989-1994 թթ. ընթացքում մարտական գործողությունների մասնակցած այն անձանց, որոնք ընդհանուր տեւողությամբ 3 ամսից ավելի են մասնակցել մարտական գործողությունների։
«Ստացվում է, որ, օրինակ, 2016թ. ապրիլի, 2020թ. հուլիսի, նույն թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիներին գործող իրավակարգավորումներով մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ չի կարող տրամադրվել»,- եզրակացրել է Մարդու իրավունքների պաշտպանը:
Ժամանակավոր տեղեկանք մշտական վկայականի մասին
2020-ի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել նաեւ մարտական գործողությունների մասնակցի վկայականի փոխարեն տեղեկանք տրամադրելու վերաբերյալ:
Քաղաքացիները ՄԻՊ-ին տեղեկացրել են, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականի ժամկետը լրանալուց հետո նոր վկայական ստանալու խնդրանքով դիմել են ՀՀ պաշտպանության նախարարություն, բայց նրանց նոր վկայականի փոխարեն տրամադրվել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող տեղեկանք միայն:
Բյուրոկրատական անհեթեթություն կամ «թերի» որակված սխրանք
«Բողոքների քննարկմամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարությունը մերժել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող տեղեկանքի փոխարեն քաղաքացիներին տրամադրել վկայական՝ պատճառաբանելով, որ նոր նմուշի վկայական տրամադրվում է մարտական գործողություններին ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տեւողությամբ մասնակցած անձանց»,- արձանագրել է ՄԻՊ–ը:
Ուժը կորցրած հերոսությո՞ւն
Մարդու իրավունքների պաշտպանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախկինում ՀՀ-ում հնարավորություն էր տրվում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրել նաեւ 2 ամիս մարտերին մասնակցած անձանց: Նշվածի հիման վրա էլ քաղաքացիներին տրվել են մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող վկայականներ, որոնք կառավարության համապատասխան որոշմամբ 2017-ի դեկտեմբերի 31-ին ուժը կորցրել են:
Պաշտպանը արձանագրել է նաեւ, որ «մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակը հաստատող վկայական տրամադրելու մերժումը կարող է մարտական գործողությունների մասնակցին զրկել իր օրինական արտոնություններից ու երաշխիքներից օգտվելու հնարավորությունից կամ սահմանափակել այդ հնարավորությունը:
Խորքային լուծում պահանջող սոցիալական արդարություն
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ խնդրի խորքային լուծման, սոցիալական արդարության ապահովման, մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիների իրավունքների ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է գտնել արագ ու որոշակի լուծումներ:
Թաթոյանը շեշտել է, որ մարտական գործողությունների մասնակցին կարգավիճակ տրամադրելն ինքնանպատակ չէ: Պաշտպանն ընդգծել է, որ կարգավիճակն ունի որոշակի սոցիալական ուղղվածություն եւ, ըստ էության, նշված կարգավիճակն անձի համար հիմք է որոշակի արտոնություններից եւ սոցիալական ապահովության միջոցներից օգտվելու համար։
«Նրանք պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ, ունեն բնակարանային ապահովության, քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու, դրամական աջակցության, զինվորական կենսաթոշակի իրավունք»,- ընդգծել է Արման Թաթոյանը:
Արդյունավետ մեխանիզմներ ու տրամաբանական չափորոշիչներ
Պաշտպանը խոստացել է այս կապակցությամբ գրություն հասցեագրել Պաշտպանության նախարարություն՝ առաջարկելով 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին, ինչպես նաեւ 2016-ի ապրիլին եւ 2020-ի հուլիսին մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիներին համապատասխան կարգավիճակ տրամադրելու համար մշակել կոնկրետ մեխանիզմներ ու չափորոշիչներ:
Մարդու իրավունքների պաշտպանը խոստացել է թեմայի վերաբերյալ քաղաքացիների բարձրացրած խնդիրները, իրականացված վերլուծություններն ու առաջարկները ուղարկվել նաեւ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով։