Foreign Policy պարբերականը հայտնել է, որ թալիբները որոշել են Աֆղանստանում այլեւս չվերականգնել երկրի նախագահի կամ որեւիցե այլ միանձնյա ղեկավարի պաշտոնը:
Աֆղանական Ariana News հեռուստաալիքի տվյալներով՝ Աֆղանստանի Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան, Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը եւ Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հեքմաթիարը կդռանան Աֆղանստանի կառավարման՝ «Թալիբան» արմատական շարժման ղեկավարության ձեւավորելիք խորհրդի կազմի մեջ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Աբդուլա Աբդուլան, Քարզայը եւ Հեքմաթիարը կլինեն Աֆղանստանի կառավարման խորհրդի անդամներ: Վերոնշյալ երեք քաղաքական գործիչները թալիբների զինված կազմավորումների մուտք գործելուց հետո ստեղծեցին նախկին կառավարությունից իշխանությունը «Թալիբան»-ին խաղաղ անցման համակարգող խորհուրդ:
Նրանք անցկացրել են մի շարք հանդիպումներ «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ՝ իշխանության նոր մարմինների, այդ թվում աֆղանական հասարակության լայն ներկայացուցչությամբ կառավարության ստեղծման նպատակով:
Ավելի վաղ Foreign Policy պարբերականը հայտնել էր, որ «Թալիբան»-ի ղեկավարությունը մտադիր է Աֆղանստանի կառավարման 12 անդամներից, դրանց թվում երկրի նախորդ կառավարության անդամներից բաղկացած խորհուրդ կազմել:
Խորհրդի մեջ երեք առավել ազդեցիկ դեմքեր կդառնան «Թալիբանի» քաղաքական թեւի առաջնորդ Աբդուլ Ղանի Բարադարը, «Թալիբանի» ռազմական հանձնաժողովի ղեկավար, «Թալիբան»-ի հիմնադիր մոլլա Օմարի որդի Մոուլավի Յաքուբը, ինչպես նաեւ դաշտային հրամանատար եւ «Հաքանիի ցանց» դիվերսիոն խմբավորման պարագլուխ Սիրաջուդին Հաքանին: