Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ։
Տարածքում բռնկված հրդեհը, սակայն, քամու ուժգնությամբ տարածվել է եւ հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռեւս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը:
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն այսպիսով պարզաբանել է, որ Ստեփանակերտում եւ հարակից բնակավայրերում հնչած պայթյունների աղբյուրը վերոնշյալ վարչական տարածքում է։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շեշտել է, որ վերահսկում է իրավիճակը՝ բնակիչներին հորդորելով խուճապի չմատնվել:
Սակրավորները, հրշեջ փրկարարները եւ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն իրականացնում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու եւ սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ: