Թուրք հեռուստահաղորդավարուհին ուղիղ եթերում արգելել է քրդերեն խոսել՝ սոցցանցերում բուռն դժգոհության ու բողոքի ալիքի պատճառ դառնալով։
Թուրքական «Show TV»-ի եթերում Դիդեմ Արսլան Յըլմազի հեղինակային հաղորդման ժամանակ հեռախոսազանգով եթերին միացած տարեց կինը սկսել է քրդերեն խոսել, ինչին ի պատասխան հաղորդավարուհին ասել է․ «Ոչ, ոչ։ Դա պետք է մեզ էլ հասկանալի լինի։ Տիկին Թյուրքանին եթերից հանեք։ Նա չի կարող այդպես խոսել։ Ոչ մի դեպքում։ Թող կարգին թուրքերեն խոսի։ Սա Թուրքիայի Հանրապետությունն է, մենք Արեւելյան լեզուն չենք հասկանում։ Եթե հասկանանք, կխոսենք, բայց չենք հասկանում»։
Եթերից հետո թուրք հաղորդավարուհու դեմ արշավ է սկսվել Թվիթերում՝ «Չափդ ճանաչիր, Դիդեմ Արսլան» (#haddinibildidemarslan) հեշթեգով։ Օգտատերերը Յըլմազին ռասիստ են անվանել ու հիշեցրել, որ քրդերենը ոչ թե ինչ-որ անհայտ «Արեւելյան լեզու» է, այլ՝ մայրենի լեզուն շուրջ 50 միլիոն քրդերի, որոնցից 25 միլիոնը ապրում է հենց Թուրքիայում։
Օգտատերերից մեկն էլ գրել է․ «Խորհրդարանում արձանագրության մեջ «x» է նշվում, բանտերում՝ «անհայտ լեզու», հեռուստատեսությամբ ասում եք՝ «ոչ մի դեպքում»։ Բայց քրդերենը հազարավոր տարիներ ապրում է՝ ի հեճուկս ձեր ճնշումների․ ո՛չ ձեր արձանագրությունները, ո՛չ ձեր արգելքները այս հնագույն լեզվում որեւէ հետք չեն կարող թողնել»։