Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ օգոստոսի 24-ին օրվա ընթացքում եւ մինչեւ ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ եւ Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված դիրքերից, ադրբեջանական կողմը ակտիվորեն եւ տեւական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի եւ դրանց մոտակայքի հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
Արձակված կրակոցներից տարբեր զինատեսակների բեկորները հասել են գյուղի բնակելի հատված: Իսկ 22:00-ի սահմաններում, ըստ Ստեփանյանի՝ Շուշիի հատվածից արձակված կրակոցներից տուժել է համայնքի բնակիչներից մեկի տունը։
«Ադրբեջանի վարքագիծը եւս մեկ անգամ ի ցույց է դնում, որ խաղաղ բնակավայրերի հարեւանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը պետք է հեռացվեն բնակավայրերից այնպիսի հեռավորության վրա, որտեղից հնարավոր չի լինի ուղիղ դիտարկմամբ նշանառության տակ պահել քաղաքացիական բնակավայրերը»,- գրել է ՄԻՊ-ը եւ հավելել, որ դրանք անմիջական եւ իրական սպառնալիք են Արցախի ժողովրդի կյանքի, առողջության եւ այլ կենսական իրավունքների, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության համար։
Ստեփանյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական գործողությունների պատճառով խաթարվում է սահմանամերձ դարձած բնակավայրերում խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը:
«Եվս մեկ անգամ ընդգծում եմ միջադեպերի քննության հստակ մեխանիզմների ներդրման կարեւորությունը, ինչը հնարավորություն կտա պատասխանատվության ենթարկել միջադեպերի հեղինակներին եւ կանխել դրանց հետագա կրկնությունը»,- եզրափակել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։