Ըստ The Times of Israel-ի՝ Իսրայելում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել նաեւ դեռահասներին: Սեպտեմբերից, դպրոցների բացմանը զուգընթաց, 12 եւ բարձր տարիքի երեխաները ծնողների թույլտվությամբ կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալ հենց ուսումնական հաստատությունում՝ պարապմունքների ժամանակ: Իսրայելի կրթության նախարար Իֆաթ Շաշա-Բիթոնը դեմ է եղել այս ծրագրին, բայց ավելի ուշ համաձայնել է դրան՝ ուսումնական տարվա մեկնարկը չհետաձգելու նպատակով:
Ուսուցիչների եւ մյուս աշխատողների համար կսահմանվի «կանաչ անցագրերի» համակարգ, եւ նրանք կկարողանան աշխատել միայն պատվաստման կամ ՔՈՎԻԴ-19-ի բացասական թեստի հավաստագրի տրամադրման դեպքում:
Իսրայելում 3-12 տարեկան երեխաներին օգոստոսի 23-ից սկսել են կորոնավիրուսի թեստեր անել: Թեստերն անցկացվում են ամբողջ երկրի ավելի քան 400 բնակավայրերում: Ավելի վաղ դեռահասներին ՔՈՎԻԴ-19-ի դեմ սկսել են պատվաստել Ֆրանսիայում, Շվեդիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում եւ եվրոպական այլ երկրներում:
Համավարակի ամբողջ ժամանակաշրջանում Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 995 հազար դեպք, հիվանդությունը խլել է շուրջ 6900 մարդու կյանք:
Ըստ «Սպուտնիկ Գրուզիայի»`Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան հայտնել է, որ Վրաստանում շուտով 12 տարեկանից բարձր երեխաներին կպատվաստեն կորոնավիրուսի դեմ։
«12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը մեզ մոտեցնում է համաճարակի ավարտին։ Պատվաստումների կոմիտեն կդիտարկի այդ հարցը, եւ երկու-երեք շաբաթից որոշում կընդունվի։ Եվրոպական մի շարք երկրներ արդեն այդպես են վարվում, եւ մենք հաշվի կառնենք նրանց փորձը»,- ասել է Գաբունիան։ Փոխնախարարն ընդգծել է, որ 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը Վրաստանում կիրականացվի միայն ծնողների ցանկությամբ ու որոշմամբ։
Այս պահի դրությամբ Վրաստանում պատվաստվել կարող են 16 տարեկանից բարձրերը։ Վերջին տվյալներով՝ Վրաստանում պատվաստվել է ավելի քան 1 միլիոն մարդ։ Ուսուցիչների ավելի քան 40 տոկոսն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Մինչեւ նոր ուսումնական տարվա սկսվելը երկրում պրոֆեսորների եւ ուսուցիչների մեծ մասը պատվաստում կստանա:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020-ի փետրվարի 26-ին:
Իսրայելում մեկ միլիոն մարդ երրորդ չափաքանակ է ստացել
Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաքանակ են սկսել ստանալ 40-ից բարձր բնակիչները եւ ուսումնական հաստատությունների աշխատակիցները: Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է երրորդ չափաքանակի անհրաժեշտության մասին: Մասնագետները հուսով են, որ դա կհզորացնի օրգանիզմի իմունային պաշտպանությունը շատ բարձր վարակելիություն դրսեւորած «Դելտա» տարբերակի դեմ:
Իսրայելցի մասնագետների համոզմամբ՝ կորոնավիրուսի դեմ երրորդ չափաքանակն անհրաժեշտ է ոչ միայն 40-ից բարձր տարիքի, այլեւ քրոնիկ հիվանդություններ, մասնավորապես սրտի, թոքերի կամ շաքարախտի խնդիրներ ունեցող մարդկանց:
Իսրայելի 9 միլիոն 300 հազար բնակիչներից ավելի քան մեկ միլիոնն արդեն ստացել է երրորդ չափաքանակը, որն, ըստ մասնագետների, կորոնավիրուսի դեմ պաշտպանությունը հասցնում է 86 տոկոսի:
9 ամսում՝ 5 միլիարդ պատվաստում
Աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաքանակ: Ըստ Our World in Data-ի՝ շուրջ 9 ամսում հակակորոնավիրուսային պատվաստանյութի մոտ 5 միլիարդ չափաքանակ է կիրառվել ամբողջ աշխարհում։ Սա պատմության մեջ պատվաստումների ամենամեծ արշավն է։
Աշխարհի բնակչության մոտ մեկ երրորդը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաքանակ, եւ գրեթե մեկ քառորդը լիովին պատվաստված է:
Ցածր եկամուտ ունեցող երկրներում մարդկանց միայն 1,4 տոկոսն է ստացել առնվազն մեկ չափաքանակ: Պատկերը հատկապես մռայլ է Աֆրիկայում, որտեղ շատ երկրներում պատվաստումների մակարդակը 1 տոկոսից ցածր է։