Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։
Օգոստոսի 26-ի առավոտյան 6-ից սկսած՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 29 փրկարար ծառայող։
Օգոստոսի 25-ին՝ 19:30-ին, ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Բլրաշեն կոչվող տարածքում հրդեհի օջախներ կան։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 26-ին՝ 1:16-ին: Մոտ 1 հա տարածքում այրվում էր բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 60 փրկարար ծառայող։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հրդեհները սկսվել են օգոստոսի 24-ին։ Երեկոյան 7։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել հրդեհի բռնկման մասին։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում էր մոտ 1 հա բուսածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է 23։28-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության 44 ծառայող, Գառնի համայնքի 100 բնակիչ՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 50 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 4 աշխատակցի եւ 7 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել է հերթապահություն:
Օգոստոսի 25-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել էին հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել էին 10 հրշեջ-փրկարար եւ անտառտնտեսության աշխատակիցներ։