Եթե քաջություն ունենանք եւ մեր պատմությանը անաչառ հայացք նետենք, ապա չենք կարող չնկատել, որ այն, փոքր բացառությունները չհաշված, պարտությունների չընդհատվող շարան է։ Ցանկացած դպրոցական կարող է առանձին հաջողված ճակատամարտեր թվարկել, բայց որքան էլ դրանք նշանակալի լինեն, որքան էլ շոյեն մեր ազգային արժանապատվությունը, պետք է արձանագրել՝ մենք պարտությունից պարտություն ենք քայլում, եւ այս համատեքստում մեր կենսունակությունը դժվար բացատրելի է։
Հնագույն ու հին շրջանները հիշելն անիմաստ է։ Մեր նոր շրջանի պատմության ամենաճակատագրական պատերազմը մենք տվել ու պարտվել ենք Առաջին աշխարհամարտի տարիներին։ Լինելով այդ պատերազմում հաղթանակած ուժերի դաշնակիցը՝ հաջողացրել ենք պարտություն գրանցել։ Պատճառը մեր մոլորություններն են եղել՝ միամիտ հույսը, թե Անտանտի երկրներն ապագա մեծ հաղթանակից մեր բաժին հաղթանակը կբերեն ու մեզ կնվիրեն, ապա մեր մաքսիմալիզմը՝ թե կարող ենք ունենալ ավելին, քան թույլ են տալիս են մեր հնարավորությունները։
«Եթե օսմանյան կայսրության հայերը ձեռքերը ծալած Անտանտից օգնության սպասելու եւ ավելորդ բանսարկությունների վրա ժամանակ վատնելու փոխարեն ամենասկզբից ապստամբեին ամենուր, եթե իրենց ազգային իրավունքը գիտակցող այլ ժողովուրդների օրինակին հետեւելով լեռներ բարձրանային եւ ապստամբեին, ցանկացած գնով իրենց անկախությունը նվաճելու վճռականությամբ, այսօր Հայաստանը կլիներ ազատ ինչպես Բուլղարիան, Սերբիան եւ Չեռնոգորիան»,- իր «Չորս տարի կիսալուսնի տակ» գրքում գրում է պատերազմի ողջ ընթացքում թուրքական բանակի բարձրաստիճան սպա ծառայած Ռաֆայել դե Նոգալեսը։
Երբ Օսմանյան կայսրության մայրամուտին շատ ժողովուրդներ կռվում էին իրենց երկրների անկախության համար, մենք՝ հայերս, կռվում էինք հանուն ռուսական զենքի հաղթանակի։ Մեր կամավորական ստորաբաժանումները համալրում էին ռուսական բանակի շարքերը՝ հույսով, թե Ռուսաստանը կազատագրի Արեւմտյան Հայաստանը եւ կտա մեզ։
Այնուհետեւ՝ 1918-1921 թվականներին, երբ արդեն անկախ Հայաստանը կար, կրկին նույն մտայնությունն էր գերիշխում՝ սպասենք Անտանտի խոստումների կյանքի կոչմանը։ Իսկ խոստումները եղել են մեծ։ Շլացնող խոստումներ են եղել։ Սեւրի պայմանագիր է վերջապես եղել, բայց ձեռնունայն ենք մնացել։
Մեր աչքի առաջ պարտված Օսմանյան կայսրության փլատակների վրա նոր Թուրքիա է ձեւավորվել։ Ռուսաստանում քաղաքացիական պատերազմ է ավարտվել, եւ Ռուսաստանը կրկին իր կայսերական ծրագրերին վերադառնալու հնարավորություն է ստացել։ Նոր Թուրքիան ընդդեմ Անտանտի երկրների դաշինք է կնքել նոր Ռուսաստանի հետ։ Նոր՝ լուրջ ուժային կենտրոն է ձեւավորվել, որի հետ Եվրոպան հաշվի չնստել չէր կարող, իսկ մենք, այս նոր իրողությունները չընկալելով, շարունակել ենք հուսալ, հավատալ ու սպասել։
Ալեքսանդր Խատիսյանը՝ Հայաստանի Հանրապետության այդ տարիների վարչապետը, հիշում է․ «Եվրոպական ներկայացուցիչները՝ Ուորդրոպը, կոմս դը Մարթելը եւ ուրիշները, մեզ բերանացի կամ գրավոր շարունակ ասում էին, թե «բոլոր հողային հարցերը պետք է լուծվեն Փարիզի խորհրդաժողովում»։ Լուծվեցին միայն այն հարցերը, որոնց լուծումը Հայաստանի Հանրապետությունը ձեռնարկեց ինքը անմիջապես՝ առանց ուրիշների միջնորդությանը կամ միջամտությանը սպասելու»։
Նույն այս մտայնությունը գործեց ու շարունակում է գործել նաեւ մեր օրերում։ Երկրի առաջին դեմքերի յուրաքանչյուր ելույթի սկզբում ու վերջում հնչում էր՝ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է ու բարեկամը, Ռուսաստանը պատերազմ թույլ չի տա, իսկ եթե պատերազմ լինի, ապա մեզ է աջակցելու։ Բայց պարզվեց, որ հարկ եղած դեպքում ռուսական շահերը լավ էլ կարող են մեր հակառակորդի շահերին համընկնել։ Ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ՝ 1920-1921 թվականներին։
Ինչո՞ւ էինք մենք, աչքի առաջ 1921 թվականն ունենալով, նման ընթացքը բացառում։ Որովհետեւ հին սովորությամբ ապրում ենք ոչ թե իրական, այլ երեւակայական աշխարհում, որտեղ թուրքերը մեր հավերժական թշնամիներն են, որոնց հետ գնալ եւ խոսել չի կարելի, որոնց հետ խոսելը դավաճանություն է, որոնց հետ մենք մշտապես պետք է պատերազմենք, եւ որ կան հզորներ՝ այս դեպքում Ռուսաստանը, որ, անկասկած, մեզ աջակցելու եւ օգնելու են։
Եվ երբ իրական կյանքը իր ողջ դաժանությամբ բախվելով փշրում է մեր երեւակայական աշխարհը, ինչպես 1921-ի նոյեմբերին, ինչպես 2020-ի նոյեմբերին, մենք անհրաժեշտ եզրակացությունների հանգել չենք ցանկանում։ Շարունակում ենք իրականությունից կտրված մեր ընթացքը մինչեւ հաջորդ պարտություն։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։