«Թալիբան» շարժման ներկայացուցիչները Քաբուլի օդանավակայանն աշխատեցնելու հարցով տեխնիկական աջակցության համար դիմել են Թուրքիային՝ պայմանով, սակայն, որ թուրքական զինված ուժերը մյուս երկրների զինուժի նման մինչեւ օգոստոսի վերջը կլքեն Աֆղանստանի տարածքը:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ այս առաջարկը դժվար ընտրության առաջ է դրել թուրքական կողմին: Թուրքական զորքերի դուրսբերումը բարդացնում է նման առաքելության հնարավորությունը: Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, Աֆղանստանում իրականացվող առաքելության շրջանակում դեռեւս զինվորականներ ունի Քաբուլի օդանավակայանում, որոնք առաջիկայում լքելու են օդանավակայանը: Աֆղանստանում թալիբների կողմից վերահսկողություն հաստատելուց հետո Թուրքիան օդանավակայանում տեխնիկական ու անվտանգային աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն էր հայտնել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ աֆղանական կողմի ցանկության դեպքում կարող են պահել ներկայությունն օդանավակայանում:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը օգոստոսի 26-ին հայտարարել է, որ սկսել է զորքերի՝ Աֆղանստանից դուրսբերման գործընթացը։ Նախարարությունը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում, ինչպես նաեւ՝ երկկողմ համաձայնությունների հիման վրա թուրքական զինուժը 2002-ից ծառայություն էր իրականացնում Աֆղանստանում։
«ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի՝ Աֆղանստանից հեռանալու որոշումից հետո Թուրքիան հայտարարել էր, որ հավատարիմ մնալով ցանկության դեպքում աֆղանստանցիների կողքին մնալու իր խոստմանը՝ որոշակի պայմաններով պատրաստ է շարունակել ապահովել միջազգային Համիդ Կարզանի օդանավակայանի անվտանգությունը, ինչպես վերջին վեց տարվա ընթացքում»,- ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։
Սակայն երկրի կառավարումն իր ձեռքն առած թալիբան շարժումը պնդել է, որ մինչեւ օգոստոսի 31-ը ոչ մի օտար զինուժ, այդ թվում նաեւ՝ թուրքական, չպետք է մնա Աֆղանստանում։ Ըստ նախարարության՝ զորքերի տարհանումը սկսվել է օգոստոսի 25-ի երեկոյան։ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ գործընթացը կտեւի 24-36 ժամ։
Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն սահմանած արմատական «Թալիբան» խմբավորման Կատարի քաղաքական բյուրոյի խոսնակ Մուհամեդ Նայիմ Վերդաքը հայտարարել է, թե իրենք ցանկանում են Թուրքիայի հետ ստեղծել կառուցողական, բարիդրացիական եւ լավ հարաբերություններ։
«Թուրքիան կարեւոր երկիր է, իսկ թուրքերը՝ մահմեդական եղբայր ժողովուրդ։ Թուրքիայի հետ կան պատմական, սոցիալական եւ մշակութային հարաբերություններ։ Մենք Թուրքիայի հետ որեւէ խնդիր չունենք: Ուզում ենք, որ Թուրքիան մեզ օգնի»,- ասել նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ավելի վաղ ասել էր, եթե ազդակներ լինեն, ապա իրենք կբանակցեն «Թալիբանի» հետ։