«Այս հանդիպումը բարի մարդկանց մասին է, խնամքի կարիք ունեցողների եւ անշահախնդիր խնամողների մասին». օգոստոսի 25-ին Շիրակի մարզային գրադարանի տնօրենի՝ Գևորգ Ամիրյանի այս խոսքերով սկսվեց «Իմ հայ երեխաները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
«Իմ հայ երեխաները» գիրքը Գյումրիում էր մեկտեղել բարության ու երախտագիտության գաղափարի շուրջ համախմբված բազմաթիվ մարդկանց։
Շնորհանդեսին ներկա էր գրքի հեղինակ, գերմանա-ամերիկացի գրող, լրագրող Լոիզ Ֆիշեր-Ռուգեն, նրա ամուսինը՝ Վեռներ Դիթցելը, Մոսկվայում հայ երեխաներին բուժած ռուս եւ գերմանացի բժիշկներ, Շիրակի եւ Լոռու մարզերում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը եւ բազմաթիվ հյուրեր։
Գրքի հերոսները՝ Մոսկվայի մանկական հիվանդանոցում առողջությունը վերագտած հայ երեխաները՝ այժմ կայացած ու հասուն մարդիկ, 33 տարվա բաժանումից հետո ծաղիկներով ու ջերմ գրկախառնություններով ընդունեցին իրենց սիրելի բարերարին՝ մորաքույր Լոիզին։
Թե ինչպես հայ երեխաները դարձան գերմանացի Լոիզ Ֆիշեր-Ռուգեի հարազատները, պատմեց հենց ինքը՝ հայ երեխաների մորաքույրը։
Դեկտեմբերի 7-ի աղետից մի քանի օր անց բարեգործ տիկինը լրատվական թողարկումներից տեղեկանում է Հայաստանի հյուսիսին պատուհասած աղետի մասին։ Ողբերգության ցնցող ծավալը, աղետի գոտում տիրող քաոսն ու փրկարարական միջոցառումների խղճուկ կազմակերպումը առիթ են դառնում, որ տիկին Լոիզը որոշի, որ աղետից տուժած երեխաներին միայն գումար հատկացնելը շատ քիչ է, և ռուս ընկերների աջակցությամբ մեկնում է Մոսկվա, որտեղ բուժվում էին փլատակների տակ մնացած եւ լուրջ վնասվածքներով դուրս բերված երեխաները։ Հոգեմաշ տեսարանից տիկինը քարանում է, բայց վերագտնում է ներքին ուժն ու սկսում աջակցել երեխաներին թե՛ նյութապես, թե՛ բարոյապես։ Այդ ամենի հետ մեկտեղ ազատ ժամանակ նա հասցնում է նաեւ նշումներ անել, որը մեկ տարի անց վերածում է գրքի։
Գրքում ներկայացվում է երկրաշարժից տուժած հայ երեխաների բուժման պատմությունը, նրանց ապրումները՝ համեմված խորհրդային կենցաղի, հայերի սովորույթների ուշագրավ նկարագրություններով:
Գրքի շապիկին «Վաշինգտոն թայմս»-ի՝ աղետը խորհրդանշող լուսանկարն է։ Խոսուն հայացքով փոքրիկ աղջիկներից մեկը Ազնիվ Նասլյանն է։ Նա նույնպես մորաքույր Լոիզի «հայ երեխաներից» է։
Ազնիվը Մոսկվայի հիվանդանոցից տիկին Լոիզի ջերմ ժպիտներն ու հոգատարությունն է հիշում։ Ավելի ուշ է իմացել, թե նա ինչ հսկայական ներդրումներ է արել իր ու մյուս հայ երեխաների բուժման համար։ Հիշում է նաեւ, որ տիկինը ինչ-որ գրառումներ էր անում, բայց որ գիրք էր գրելու, չգիտեր։
Ազնիվն էլ հենց դարձավ գրքի հայերեն թարգմանության նախաձեռնողը։ 2019 թվականին նա խնդրել էր իր գործընկերուհի, թարգմանչուհի Վանուհի Բաղմանյանին գերմաներենից թարգմանել գրքի այն հատվածները, որտեղ իր անունն էր տեսել։ Վանուհին կատարել էր Ազնիվի խնդրանքը, ինչից ծնվել էր գրքի ամբողջական հայերեն տարբերակն ունենալու միտքը։
Այսպես որոշում են թարգմանել ամբողջ գիրքը, Վանուհին Քյոլնում հանդիպում է հեղինակին, Ազնիվն էլ գտնում է գրքի հերոսներին։
Մանուկյան Արկադին տեղյակ չի եղել, որ ինքն էլ է հայտնվել գրքում, մեկ ամիս առաջ է իմացել դրա մասին։ Հիշում է՝ 13 տարեկան էր, երբ վեց ամիս բուժվեց Մոսկվայում, տիկին Լոիզի մայրական քնքշանքն է հիշում այդ օրերից։ Արկադին հուզված ու զգացված էր «մորաքրոջ» հետ հանդիպումից, շտապում էր ժամ առաջ կարդալ գիրքը։
Հանդիպման ավարտին կազմակերպիչները հույս հայտնեցին, որ «Իմ հայ երեխաները» գրքից միայն ջերմության ու բարության զգացողություններ կմնան, իսկ ցավն ու կսկիծը կծրարվի գրքի թերթերի մեջ։
Գիրքը լույս է տեսել «Դարակ» հրատարակչությունում։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։