Եթե սիրում եք ձիավարել ու միաժամանակ բացահայտել բնության ու պատմության հուշարձանները, ուրեմն պետք է այցելեք Լոռի։ Դեբեդի կիրճի արեւելյան եզրին գտնվող Այգեհատ գյուղից են սկսվում ձիարշավային երթուղիները, որոնք կարող են երկու ժամից մինչեւ յոթ օր տեւել։
Ամենակարճ շրջագայության ընթացքում, օրինակ, արշավորդը հասցնում է Օձունի, Արդվիի եկեղեցիներ, «Օձի պորտ» ու Հոռոմայրի վերին հուշարձանախումբ այցելել։ Իսկ երկար ձիավարելու դեպքում կարելի է Ձորագետի կիրճ հասնել՝ Արեւածագի Ցից քարը, Քիր ու Ախպեր ամրոցն ու Հնեվանքը տեսնելու։
Երթուղիներում ներառված են Թումանյանի տարածաշրջանի մեծ ու փոքր գյուղերը, անտառները, լեռներն ու մարգագետինները։ Մեկ օրվա ընթացքում ձիավարությունն ամենաշատը յոթ ժամ կարող է տեւել։ Օրվա մնացած մասը հանգստի համար է․ վրանային ճամբար, ճաշ, կանգառի վայրերում էքսկուրսիաներ դեպի մոտակա վանքեր, բերդեր կամ բնության հուշարձաններ։
Ձիարշավների նախաձեռնության հեղինակն ու կազմակերպիչը Սարո Օհանյանն է։ Դեռ հինգ տարի առաջ էր նա որոշել նման ծրագիր իրականացնել, որպեսզի գյուղական բնակավայրերում զբոսաշրջությունը զարգանա։ Սարոն պատմում է՝ ձիարշավ կազմակերպելու գաղափար-առաջարկը հենց գյուղացիներից է ստացել, երբ Ալավերդու քաղաքապետարանում աշխատում էր որպես զբոսաշրջության ոլորտը համակարգող մասնագետ եւ այցելում տարածաշրջանի գյուղեր՝ տեղի զարգացման ներուժը բացահայտելու։
«Լոռու մարզը տուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի։ Միայն Հաղպատն ու Սանահինն ամեն տարի տուրիստների մեծ հոսք են ապահովում։ Եվ մեզ համար առաջնային խնդիր էր, նոր նախագծեր ստեղծելով, զբոսաշրջային ֆինանսական հոսքերը նաեւ գյուղական այլ բնակավայրեր ուղղորդել։ Գյուղացիների հետ զրույցների ընթացքում որոշված ամենահարմար տարբերակը ձիարշավն էր, որը դեռ էն ժամանակի համար յուրահատուկ տուր-պրոդուկտ էր, կարելի է ասել՝ տարածաշրջանում նման բան անող չկար։ Ու որոշեցինք ձիարշավային էնպիսի երթուղիներ մշակել, որոնք կներառեին բնության ու պատմամշակութային ամենահետաքրքիր գրավչությունները»,- ասում է «Լոռու կիրճի արշավներ» սոցիալական ձեռնարկատիրության ղեկավար Սարո Օհանյանը, որն աշխատանքից դուրս գալուց հետո որոշել է իրականացնել ձիարշավների նախաձեռնությունը։
Գործը սկսել է զրոյից՝ սեփական ներդրումով։ Սկզբում մի քանի թամբ է գնել, իսկ ձիերը վարձակալել գյուղացիներից։ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռնարկատիրությունը Հայաստանում եւ Վրաստանում» (SEAG) ծրագրի օժանդակությամբ էլ անհրաժեշտ այլ պարագաներ է ձեռք բերել՝ սաղավարտներ, սանձեր, թամբեր ու վրաններ։ Սարոն մտադիր է շարունակել ձիերի վարձակալությունը, որպեսզի կարողանա կայուն պահել գյուղում ապրողների սոցիալ-տնտեսական վիճակը՝ իր բիզնեսի ուղղակի եւ անուղղակի ազդեցություններով։
«Ուղղակի ազդեցություն ասելով՝ հասկանում ենք, որ ստեղծվել են ձիերի վարձակալության բազաներ։ Այսինքն՝ էն գյուղացիները, ովքեր պատրաստ են խնամել, վարժեցնել սեփական ձիերը, վարձակալության են տալիս։ Բացի այդ՝ եկամուտ են ունենում նաեւ սնունդ մատակարարելով։ Իսկ գիշերակացի համար, հատկապես հեռավոր գյուղերում, օգտվում ենք գյուղացիների տներից։ Շատ հաճախ նաեւ սովորեցնում ենք նրանց, թե ինչպես պետք է ընդունեն տուրիստներին, սպասարկեն ու շփվեն նրանց հետո։ Բիզնեսի անուղղակի ազդեցությամբ էլ նպաստում ենք գյուղական համայնքներում ընդհանուր զբոսաշրջային ֆոնի, ներդրումային մթնոլորտի ձեւավորմանը՝ համայնքը զբոսաշրջության տեսանկյունից դարձնելով հեռանկարային»,- ասում է Սարո Օհանյանը։
Ձիարշավի երկար երթուղիներն ընտրող զբոսաշրջիկներին, ըստ Սարոյի, հիմնականում բնությունն ու գյուղական միջավայրն են հետաքրքրում: Նրանք ուզում են լսել տեղի ավանդազրույցները, շփվել մարդկանց հետ, համտեսել գյուղի սնունդն ու անտառի բարիքները։ Նման արշավորդները հիմնականում արտասահմանցիներն են (ֆրանսիացիներ, բելգիացիներ, շվեյցարացիներ եւ այլն), որոնք թվով այս տարի զիջել են ներգնա զբոսաշրջիկներին։
Համավարակը շատ է խանգարել, իսկ ներքին շուկային դեռ չեն հասցրել հարմարվել։ Զբոսաշրջային շատ կազմակերպություններ են փակվում քովիդի պատճառով։ Բայց դրսից նոր առաջարկներ են ստանում, օրինակ՝ Դուբայում գործող միջազգային երկու մատակարարների հետ են պայմանագրեր կնքել ու հաջորդ տարի ավելի մեծ հոսքերի են սպասում։
Բիզնեսի սոցիալական ազդեցությունը մեծացնելու նպատակով «Լոռու կիրճի արշավներ» նախագիծը հաջորդ տարի նոր բաղադրիչներ կունենա՝ հիպոթերապիա եւ յոգայի կուրսեր։ Տարածաշրջանում բնակվող հենաշարժողական խնդիրներով երեխաները ձիաբուժությունից անվճար օգտվելու հնարավորություն կունենան։ Պատերազմում տարբեր վնասվածքներ ստացած զինվորների համար նույնպես վերականգնողական անվճար կուրսեր կլինեն։
«Մի քանի փաթեթներ կունենանք, որոնցից մեկը վերականգնողականը կլինի։ Յոգայի մասնագետի հետ նախնական պայմանավորվածություն ունենք, ուզում ենք թերապեւտիկ արշավներ էլ անել, նաեւ եռօրյա կուրսեր, որոնք վճարովի կլինեն։ Իսկ հիպոթերապիայի համար տեղում պետք է գտնենք մասնագետի, որը կվերապատրաստվի եւ կաշխատի մեր ծրագրում»,- արդեն հաջորդ տարվա անելիքներն է թվարկում Սարոն։
Այս բաղադրիչների իրականացման համար կօգտագործեն Այգեհատում ձիարշավարանի տարածքը, որտեղ ձիամարզարանից ու ցանկապատված, հարթեցված հատվածից բացի նաեւ բացօթյա տաղավար կա։
Հաջորդ տարի, ըստ Սարո Օհանյանի, այլ ուղեկցորդներ էլ կլինեն, որոնք արշավի կգնան ներգնա զբոսաշրջիկների հետ։ Իսկ ինքը կուղեկցի եւ Լոռին կներկայացնի արտասահմանցի զբոսաշրջիկներին։
«Ես միշտ մտածել եմ, որ հնարավոր չէ, ասենք, Շվեյցարիայից եկած զբոսաշրջիկին զարմացնել մեր բնությամբ։ Բայց հավատացեք, որ ստացվել է։ Նրանց հետ դեպի Սեւանա լիճ տուր ենք արել՝ ամբողջ Դիլիջանի ազգային պարկն անցնելով ձիերով։ 130 կմ՝ հինգ օրում։ Օտարերկրացիների հետ նաեւ Գուգարքի եւ Գեղամա լեռներում մինչեւ 2500 մետր բարձրություն ենք հաղթահարել։ Տպավորված էին։ Ֆանտաստիկ էր»,- եզրափակում է Սարոն։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։